COVID-19 Travel Update: Learn More

Ինչպես պատրաստել սիրիա-հայկական կերակուրներ

Ինչպես պատրաստել սիրիա-հայկական կերակուրներ  նկար

Լավ ջանալուց հետո ըմբոշխնեք սիրիահայկական խոհանոցի համադամ ուտեստները (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Սիրիայից Հայաստան տեղափոխված Արոյանների ընտանիքը երկար փնտրտուքներից հետո որոշեց մշտական բնակություն հաստատել Աշտարակ քաղաքում: Հիմնելով «Հին Աշտարակ» ռեստորանը՝ ընտանիքը կարողացավ համադրել սիրիական և հայկական խոհարարական ավանդույթները և ներկայացնել դրանք իրենց այցելուներին։

«Հին Աշտարակ» ռեստորանի հարդարանքը և այնտեղ տիրող մթնոլորտը արտացոլում են հայկական բազմադարյա մշակույթը, որի վրա իրենց ազդեցությունն են թողել տարբեր քաղաքակրթություններ, և սեփական ժողովրդի պարբերական արտագաղթն ու ներգաղթը: Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով կառուցված այս ավելի քան հարյուրամյա շենքում պատրաստվող տարբեր կերակրատեսակների միջոցով տանտիկինը՝ Սևանը և իր ընտանիքը վերածնունդ են հաղորդում սիրիա-հայկական խոհանոցի ավանդույթներին:

Սևանը ձեզ հետ կկիսվի սերնդեսերունդ փոխանցված և կատարելագործված բաղադրատոմսերով, և նրա օգնությամբ կսովորեք պատրաստել սիրիահայկական հայտնի խոհանոցի թերևս ամենատարածված և մեծ պահանջարկ վայելող երկու ուտեստներ՝ իշլի քուֆթա և փախլավա:

Իշլի քուֆթա պատրաստելն ինքնին արվեստ է, որը պահանջում է մեծ վարպետություն և համբերություն։ Այն կարող են պատրաստել միայն իրական վարպետները: «Հին Աշտարակ» ռեստորանում բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու Սևանի խոհարարական գաղտնիքներին ու նրա հետ պատրաստելու մսի, բլղուրի և այլ համեմունքների կիրառմամբ ուտեստը։

Մինչև բուն գործընթացը սկսելը՝ Սևանը կներկայացնի միջինարևելյան խոհանոցում օգտագործվող համեմունքները և դրանց կիրառումը քուֆթայի բաղադրատոմսում։ Նա ձեզ կպատմի քուֆթայի պատրաստման ավանդական բաղադրատոմսի և ձևի մասին, ինչպես նաև կներկայացնի առանձնահատկությունները և համեղ ուտեստի պատրաստման իր գաղտնիքները։ Սևանի անմիջական հսկողության ներքո կպատրաստեք քուֆթայի արտաքին պատյանը, որը պահանջում է ձեռքերի ճկունություն և վարպետություն: Վերջում կիտրոնաձև պատյանը լցոնվում է մսի խճողակով: Իշլի քուֆթան կարելի է եփել եռացող ջրի մեջ կամ տապակել: Հավատարիմ մնալով սիրիական ավանդական պատրաստման ձևին՝ Սևանը նախընտրում է տապակել քուֆթաները, որպեսզի դրանք լինեն ոսկեգույն ու փխրուն, իսկ միջուկը՝ նրբահամ ու անուշաբույր:

Մինչ իշլի քուֆթան կտապակվի՝ Սևանը ձեզ կսովորեցնի պատրաստել արևելյան հայտնի աղանդեր փախլավան։ Չնայած առաջին հայացքից այն դյուրին է թվում, սակայն ողջ գործընթացը տևում է երեքից չորս օր: Ժամանակ խնայելու համար ձեզ կտրվի պատրաստի շերտավոր խմոր, որը պետք է լցոնել միջուկով՝ ընկույզ, մեղր և այլ համեմունքներ: Այնուհետև, Սևանը ձեզ կցուցադրի՝ ինչպես այն կոկիկ փաթաթել կամ դեկորատիվ կտրատել և թխել։: Ճաշին կամ ընթրիքին «Հին Աշտարակ» ռեստորանի փակ կամ բացօթյա սրահում կարող եք համտեսել ձեր պատրաստած իշլի քուֆթան և փախլավան, ինչպես նաև ռեստորանի կողմից առաջարկվող այլ սիրիա-հայկական ու արևելահայկական համեղ կերակուրներ: Այստեղից կհեռանաք հաճելի համային զգացողություններով և խոհարարական նոր հմտություններով՝ ձեր ընտանիքին ու ընկերներին զարմացնելու մտադրությամբ: Ինչպես նաև կբացահայտեք, թե ինչպես են փոխազդել հայկական և սիրիական մշակույթն ու խոհանոցը 1990-ականների սկզբին, կիմանաք նաև, որ հայրենադարձությամբ այսօր հայերն իրենց հետ Հայաստան են վերադարձրել այդ սիրիա-հայկական հարուստ ավանդույթները:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

«Հին Աշտարակ» ռեստորանի պատմությունն արտացոլում է տարբեր շերտեր՝ կապված Աշտարակի պատմության, հայերի բռնի վերաբնակեցման և իրենց հայրենիքում ապրելու հավերժական որոնումների հետ: Սիրիայում ծնված այս ընտանիքի երկու սերունդներ հանդիպել և սիրահարվել են Հայաստանում. Սևանն ու իր ամուսինը՝ Խորհրդային Հայաստանում, իսկ նրանց որդի Հովիկն ու իր կին Դալարը՝ Հայաստանի Հանրապետությունում: 2015 թվականին ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Հայաստանում՝ Աշտարակ քաղաքում, իսկ 2016 թվականին նրանք հիմնեցին «Հին Աշտարակ» ռեստորանը: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, մեծ ջանքերի, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ, նրանք կարողացան իրենց ռեստորանը դարձնել ջերմ և ընտանեկան հանգստի վայր, որտեղ մատուցվում են սիրիա-հայկական և արևելահայկական ավանդական և համեղ կերակուրներ: Ողջ ընտանիքը ներգրավված է ռեստորանի գործունեության մեջ՝ հստակ դերակատարություններով։ «Հին Աշտարակ» ռեստորանը ընտանեկան բիզնեսի հրաշալի օրինակ է, իսկ Արոնյանները՝ իրենց ջերմ և անմիջական վերաբերմունքով, յուրահատուկ և համեղ ուտեստներով և հետաքրքիր խոհարարական դասերով անտարբեր չեն թողնի ոչ մի այցելուի։

Համտեսե՛ք, սովորե՛ք և ճաշակե՛ք Ձեր պատրաստած համեղ կերակուրները:

Sevan demonstrates how to add the kufta filling into the outer shell. Սևանը ցույց է տալիս, թե ինչպես քյուֆթայի խճողակն ավելացնել արտաքին շերտի մեջ:

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Cook and eat in this historic courtyard and classic Armenian architecture. Պատրաստեք և ճաշակեք ուտեստները այս պատմական բակում՝ հիանալով հայկական դասական ճարտարապետությամբ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Gayane shows visitors the skills needed to shape the meat and bulgur wheat into a lemon-shaped shell. Գայանեն այցելուներին ցույց է տալիս, թե ինչպես կիտրոնաձև տեսք տալ մսին ու բլղուրին։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Pakhlava adds a sweet element to your meal at Old Ashtarak. Փախլավան կքաղցրացնի ձեր օրը Հին Աշտարակում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Ishli kufta as well as other snacks are served at the end of the experience. Փորձառության ավարտին մատուցվում է իշլի քյուֆթան և նախուտեստները։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

The last step in making pakhlava happens after it is baked, pouring sweet syrup over the dish. Փախլավայի վերջնական համը ստանալու համար՝ ջեռոցից հանելուց հետո այն պատվում է օշարակով։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։