COVID-19 Travel Update: Learn More

Պատրաստեք ավանդական տիկնիկ

Պատրաստեք ավանդական տիկնիկ նկար

Լուսանկարը՝ «Իմ Հայաստան» ծրագրի

Սուսաննա Մկրտչյանը տիկնիկագործությունը սովորել է իր հարևանուհուց՝ ծագումով Ղարսից մի կին, ով ավանդական տիկնիկներ էր պատրաստում հետևելով իր նախնիներին՝ երեխաներին ուրախացնելու համար։ Երկու խաչաձև ձողերը ամրացնելով իրար, փաթաթված կտորը բամբակով լցնելով, գլխի համար մետաղադրամ, իսկ մազերը նմանակելու համար բուրդ օգտագործելով՝ արդյունքում ստացվում էր մի շատ պարզ տիկնիկ: Սակայն Սուսաննայի դեպքում, ում մեծ ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ տիկնիկներ կամ անգամ հագուստ գնել, այս պարզ տիկնիկները ոչ միայն զվարճանք էին ապահովում, այլ նաև սեր էին առաջացնում հանդերձանքի պատրաստման նկատմամբ:

Ներկայումս Գյումրու մանկական գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննան դեռևս պատրաստում է պարզ տիկնիկներ. բայց նա նաև անց է կացնում տիկնիկների պատրաստման դասընթացներ, որոնք կարևորում են տիկնիկների ծիսական դերը հայկական մշակույթում. պաշտպանել, պատժել, պատմել ապագան և ծառայել որպես «զրուցակից»: Գործունեության ընթացքում Սուսաննան բացատրում է, թե ինչու են հայկական ավանդական տանը բազմաթիվ տիկնիկներ լինում․ յուրաքանչյուրը իր իսկ պատկերով, և յուրաքանչյուրը պատրաստված տարբեր նյութերից՝ կտոր, թել, խմոր, կավ, փայտ, մետաղ, բուրդ կամ նույնիսկ կենցաղային իրեր, ինչպիսիք են ավելն ու բահը: Տիկնիկները դարձել էին ընտանեկան մասունքներ, քանի որ աղջիկներն ու կանայք դրանք փոխանցում էին սերնդեսերունդ:

Իր դասերի ընթացքում Սուսաննան խրախուսում է ձեզ հագցնել ձեր ձեռագործ տիկնիկներին՝ հնարավորության դեպքում ազգային տարազի մոտիվներով և տուն տանել ձեր տիկնիկները՝ որպես հայկական ավանդական մշակույթի հուշեր: Հնարավոր է, որ դուք ցանկանաք նաև մասնակցել Սուսաննայի խոհարարության դասերից մեկին, որը համատեղում է արևմտահայկական և թուրքական բաղադրիչները` ստեղծելով Գյումրիի տեղայնացված խոհանոցը:

Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ

Պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանը հիմնել է Գյումրու գեղագիտության կենտրոնը հայկական ավանդական արժեքները պահպանելու նպատակով: Գտնվելով Գյումրու պատմական կենտրոնական հրապարակին հարակից ամենահին փողոցներից մեկում՝ կենտրոնը սկզբում զբաղեցնում է նախկին կոլխոզի խանութի տարածքը, որտեղ վաճառվում էին գյուղատնտեսների մրգերն ու բանջարեղենը: Հետագա ընդլայնումներն ու վերանորոգումները եղան 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Գյումրու գեղագիտության կենտրոնը երեքից տասնութ տարեկան հազարավոր երեխաների ստեղծագործական, գեղարվեստական ինքնարտահայտման և արվեստի հանդեպ հետաքրքրության խթանող վայր է: Այնտեղ սովորեցվող արվեստներն ու արհեստները ներառում են նկարչություն, պար, երգ, ասեղնագործություն, գորգագործություն, կարուձև, ժանյակագործություն, ազգային տարազ, տիկնիկների պատրաստում և հայկական ավանդական խոհանոց:

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։