Կոտայք
Կոտայքի մարզն աչքի է ընկնում բնության եզակի ու չքնաղ անկյուններով: Առավել գրավիչ է Ազատ գետի կիրճը, որտեղ առանձնակի սիրված ու այցելվող վայրերից է Գառնու ձորի հատվածում գտնվող բազալտե ժայռասյուններից կազմված «քարերի սիմֆոնիան»: Մարզը հարուստ է անտառածածկ լեռներով ու հանքային աղբյուրներով: Այստեղ են գտնվում Հանքավան, Արզնի, Արզական հանգստյան գոտիները: Հայտնի է հատկապես Ծաղկաձորի լեռնակլիմայական առողջավայր-քաղաքը, իր լեռնադահուկային երթուղիներով, ճոպանուղով և բազմաթիվ հանգստյան տներով, որտեղ կարելի է հանգստանալ տարվա բոլոր եղանակներին: Քայլարշավների սիրահարները կարող են այցելել Հատիս լեռը, հատկապես վաղ ամռանը, երբ այն ծածկված է լեռնային ծաղիկներով։
Տեղական ուտելիքներից կարելի է ճաշակել սարերից հավաքված ուտելի բույսերից պատրաստված աղցաններ ու տապականեր, խնոցու թանով ու ձավարով թանապուր (սպաս), հաճարով փլավ, տնական եղանակով պատրաստված արիշտա, ոսպով, լոբով և ոլոռով ապուրներ, փոխինձով և կաթով շիլա, մսային կերակուրներից էլ տոլմա, քյուֆթա, խորոված, խաշլամա, բոզբաշ: Թեյատեսակներից տարածված են ուրցի, դաղձի, մասուրի և ալոճի թեյերը: Ժողովրդական եղանակներով պատրաստվող քաղցրավենիքներից սիրված են գաթան, փոխնձով ու մեղրով հալվան, սուջուխը, տարբեր տեսակի չրերը:
Հայաստան այցելող համարյա բոլոր հյուրերին առաջին հերթին տանում են մ.թ. 1-ին դարում կառուցված Գառնու տաճար, որը հեթանոսական շրջանից պահպանված տարածաշրջանի միակ ամբողջական կառույցն է: Միջնադարյան սիրված պատմաճարտարապետական հուշարձաններից են Գեղարդի և Կեչառիսի վանական համալիրները: Կոտայքի մարզում է գտնվում մարդու ձևավորման պատմության մեջ համաշխարհային կարևորության Նոր Գեղիի բացառիկ հնավայրը, որտեղ հայտնաբերվել է շուրջ 350000 տարվա վաղեմության վաղ քարեդարյա բնակավայրի հետքեր և գտածոներ: