COVID-19 Travel Update: Learn More
Ճանապարհ դեպի Արարատ լեռ (Լուսանկարը «Իմ Հայաստան» ծրագրի)

Ճանապարհ դեպի Արարատ լեռ (Լուսանկարը «Իմ Հայաստան» ծրագրի)

Արարատ

Արարատի մարզը Հայաստանի այգեգործական մշակույթի խորհրդանիշն է: Մարզով անցնող խճուղու ողջ երկայնքով գունագեղ ու արևահամ մրգերի և դրանցից պատրաստված բազմազան չրերի ու այլ մթերքների տեսականին ներկայացնող վաճառասեղանները դրա անխոս վկայությունն է:

Մարզը գտնվում է հայոց ինքնության խորհրդանիշ՝ Արարատյան դաշտի սրտում: Արարատ լեռան ամենից փառահեղ տեսարանը բացվում է այստեղ գտնվող Խոր Վիրապի վանքից, որը ոչ միայն հայաստանցիների, այլև՝ օտարերկրյա հյուրերի սիրած վայրերից է: Արարատյան դաշտավայրը համարվում է խաղողի ընտանեացման ու խաղողագործության սկզբնավորման համաշխարհային կենտրոններից մեկը: Այն աբորիգեն խաղողի տեսակների ամենամեծ խտությունն ունեցող տարածաշրջաններից է ողջ աշխարհում: Սիրված կերակրատեսակներն են լցոնած բանջարեղեններով ու կաղամբով պատրաստվող ամառային տոլման, խորոված ու տապակած բանջարեղենի տեսակները, խոզի ու գառան խորովածը, խաշլաման, չրերով և չամիչով փլավը, հաճարով փլավը, պասուց տոլման:

Այստեղ գտնվող գյուղերում մարդիկ զբաղվում են տարբեր արհեստներով: Որոշ տեղերում դեռ կան գորգագործներ, արծաթագործ-ոսկերիչներ: Հայաստանով մեկ մեծ հռչակ ունեն իր հին անվամբ հայտնի Յուվա գյուղի կավագործներն ու թոնրագործները, ուր սերնդեսերունդ փոխանցվելու միջոցով մինչ օրս պահպանվել են արհեստի հարյուրամյա ավանդույթները:

Մարզում են գտնվում Հայաստանի ամենահռչակավոր պատմական մայրաքաղաքներից Արտաշատը՝ հիմնադրված մ.թ.ա. 2-րդ դարում և նրան հաջորդած Դվինը: Դվինի մոտակայքից սկսվում 4-րդ դարում հիմնադրված «Խոսրովի անտառ» կոչվող արգելոցը, որտեղ պահպանվում են բուսական և կենդանական եզակի տեսակներ: Այստեղ կան նաև քայլարշավի ու ակտիվ հանգստի լավ հնարավորություններ:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։