Գեղարքունիք
Մարզն իր տարածքով օղակում է Սևանա լճի շուրջբոլորը, որն իր մեծությամբ երկրագնդի` քաղցրահամ ջուր ունեցող 3-րդ բարձրադիր լիճն է: Լճի շրջակայքը Հայաստանի առավել աշխույժ հանգստյան գոտիներից է և հայաստանցիների ու օտարերկրյա հյուրերի այցելության սիրելի վայրերից մեկը: Գեղարքունիքը Սելիմի լեռնացքով կապվում է Վայոց Ձոր մարզին ու հենց այստեղ է գտնվում Օրբելյանների իջևանատունը (14-րդ դար), որը ոորպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար: Մարզի գյուղերում, հատկապես Գավառի տարածաշրջանում պահպանվել են հազարաշեն տանիքներով ավանդական հայկական գլխատներ: Ոչ միայն Սևանա լճի հանգստյան գոտում, այլև շրջակա որոշ գյուղերում կարելի է գտնել գողտրիկ հյուրատներ և հացատներ, որտեղ մատուցվում են մարզին բնորոշ կերակրատեսակներ: Այստեղ ավանդականորեն հարգի են Սևանի լճի սիգ ու իշխան ձկնատեսակները, Գավառի քյուֆթան, արիշտան, հարիսան, սարերից հավաքվող ուտելի բույսերից պատրաստվող աղցաններ ու տապականեր, խորոված ու տապակած կարտոֆիլը: Յուրահատուկ ուտելիքներից է կանեփի խյուսով ու ձավարով տոլման և ուրցով ու տոմատի հյութով պատրատվող ձուկը՝ կապաման: Սիրված քաղցրավենքիներից են Հայաստանով մեկ հայտնի Գավառի փախլավան, փոխնձով ու մեղրով հալվան:
Սևանա լճի ափին է գտնվում Լճաշենի բրոնզեդարյա քաղաք-ամրոցը, որտեղից հայտնաբերվել է իր տեսակի մեջ բացառիկ, մի քանի հազարամյակ պահպանված քառանիվ փայտե սայլ: Գեղամա լեռներում կարելի է տեսնել հնագույն մարդու թողած ժայռապատկերներ,Վիշապ քարակոթողներ: Միջնադարյան ճարտարապետության սիրահարները կարող են այցելել Սևանավանք (10-րդ դար), Հայրավանք (9-րդ դար), բարձրարվեստ խաչքարերով և քանդակազարդ տապանաքարերով հարուստ Նորատուսի ուշմիջնադարյան գերեզմանոցը: