Աշտարակ քաղաքում առանձնանում է Թաթոյենց Քոթուկը, և ոչ միայն այն պատճառով, որ 1837թ. թվագրվող պատմական շինություն է։ Այստեղ այցելելու հրաշալի առիթ կարող է դառնալ քաղցր սուջուխի՝ քաղաքի ամենահայտնի համային գոհարներից մեկի պատրաստման վարպետաց դասը: Աշտարակի ընկույզը այնքան հայտնի է, որ անգամ հիշատակվում է ժողովրդական երգերում․ այս տարածաշրջանի գրեթե յուրաքանչյուր բակում կգտնեք մի քանի տասնամյակ աճող ընկուզենիներ։
Բացառություն չէ նաև Հռիփսիմե Թումանյանի՝ ավելի քան հարյուրամյա ընտանեկան տունը, որտեղ Հռիփսիմեն և իր որդին՝ Կարեն Հակոբյանը առաջարկում են բազում վարպետաց դասեր՝ տոլմայից և թթու դրված բանջարեղենից մինչև այնպիսի քաղցր աղանդեր, ինչպիսին սուջուխն է։
Իր բացօթյա խոհանոցում Հռիփսիմեն ցույց կտա ինչպես նրբորեն շարել ընկույզը թելի վրա և թաթախել շարանը խաղողի՝ դարչինով, մշկընկույզով և այլ համեմունքներով համեմված դոշաբի մեջ, այնուհետև կախել քաղցր շարանը չորանալու։
Ծանր շարանները մի քանի օր պետք է չորանան, ուստի կարող եք հետո վերադառնալ դրանց հետևից, պատվիրել առաքում Երևան, կամ գնել արդեն պատրաստի քաղցր սուջուխ Թաթոյենց Քոթուկում:
Ճանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացեք Հռիփսիմեի և իր որդու՝ Կարենի հետ, ովքեր ձեզ կհյուրընկալեն Աշտարակի ամենաջերմ ու պատմական անկյուններից մեկում, և կպատմեն պատմություններ 18-րդ դարում ապրած իրենց ապուպապի՝ Թադևոսի մասին, ով հայտնի էր որպես Թաթո։ Թաթոյենց Քոթուկը երկհարկանի տուն է՝ 200-ամյա, յոթսյունանի մառանով։ Տան և ընտանիքի պատմությունները անբաժանելիորեն փոխկապակցված են միմյանց և տանտերերը որոշեցին մշտապես բաց պահել իրենց դռները, ինչպես եղել է առնվազն երկու դար շարունակ։ Ներս մտեք Թաթոյենց շեմից, լսեք ժողովրդական երաժշտություն, համտեսեք տեղական համեղ ուտեստները և վայելեք նրանց ջերմ ընկերակցությունը, որն ուղեկցվում է անձնական պատմություններով։