Սիրիայից Հայաստան տեղափոխված Արոյանների ընտանիքը երկար փնտրտուքներից հետո որոշեց մշտական բնակություն հաստատել Աշտարակ քաղաքում: Հիմնելով «Հին Աշտարակ» ռեստորանը՝ ընտանիքը կարողացավ համադրել սիրիական և հայկական խոհարարական ավանդույթները և ներկայացնել դրանք իրենց այցելուներին։
«Հին Աշտարակ» ռեստորանի հարդարանքը և այնտեղ տիրող մթնոլորտը արտացոլում են հայկական բազմադարյա մշակույթը, որի վրա իրենց ազդեցությունն են թողել տարբեր քաղաքակրթություններ, և սեփական ժողովրդի պարբերական արտագաղթն ու ներգաղթը: Ճարտարապետական յուրահատուկ լուծումներով կառուցված այս ավելի քան հարյուրամյա շենքում պատրաստվող տարբեր կերակրատեսակների միջոցով տանտիկինը՝ Սևանը և իր ընտանիքը վերածնունդ են հաղորդում սիրիա-հայկական խոհանոցի ավանդույթներին:
Սևանը ձեզ հետ կկիսվի սերնդեսերունդ փոխանցված և կատարելագործված բաղադրատոմսերով, և նրա օգնությամբ կսովորեք պատրաստել սիրիահայկական հայտնի խոհանոցի թերևս ամենատարածված և մեծ պահանջարկ վայելող երկու ուտեստներ՝ իշլի քուֆթա և փախլավա:
Իշլի քուֆթա պատրաստելն ինքնին արվեստ է, որը պահանջում է մեծ վարպետություն և համբերություն։ Այն կարող են պատրաստել միայն իրական վարպետները: «Հին Աշտարակ» ռեստորանում բացառիկ հնարավորություն կունենաք ծանոթանալու Սևանի խոհարարական գաղտնիքներին ու նրա հետ պատրաստելու մսի, բլղուրի և այլ համեմունքների կիրառմամբ ուտեստը։
Մինչև բուն գործընթացը սկսելը՝ Սևանը կներկայացնի միջինարևելյան խոհանոցում օգտագործվող համեմունքները և դրանց կիրառումը քուֆթայի բաղադրատոմսում։ Նա ձեզ կպատմի քուֆթայի պատրաստման ավանդական բաղադրատոմսի և ձևի մասին, ինչպես նաև կներկայացնի առանձնահատկությունները և համեղ ուտեստի պատրաստման իր գաղտնիքները։ Սևանի անմիջական հսկողության ներքո կպատրաստեք քուֆթայի արտաքին պատյանը, որը պահանջում է ձեռքերի ճկունություն և վարպետություն: Վերջում կիտրոնաձև պատյանը լցոնվում է մսի խճողակով: Իշլի քուֆթան կարելի է եփել եռացող ջրի մեջ կամ տապակել: Հավատարիմ մնալով սիրիական ավանդական պատրաստման ձևին՝ Սևանը նախընտրում է տապակել քուֆթաները, որպեսզի դրանք լինեն ոսկեգույն ու փխրուն, իսկ միջուկը՝ նրբահամ ու անուշաբույր:
Մինչ իշլի քուֆթան կտապակվի՝ Սևանը ձեզ կսովորեցնի պատրաստել արևելյան հայտնի աղանդեր փախլավան։ Չնայած առաջին հայացքից այն դյուրին է թվում, սակայն ողջ գործընթացը տևում է երեքից չորս օր: Ժամանակ խնայելու համար ձեզ կտրվի պատրաստի շերտավոր խմոր, որը պետք է լցոնել միջուկով՝ ընկույզ, մեղր և այլ համեմունքներ: Այնուհետև, Սևանը ձեզ կցուցադրի՝ ինչպես այն կոկիկ փաթաթել կամ դեկորատիվ կտրատել և թխել։: Ճաշին կամ ընթրիքին «Հին Աշտարակ» ռեստորանի փակ կամ բացօթյա սրահում կարող եք համտեսել ձեր պատրաստած իշլի քուֆթան և փախլավան, ինչպես նաև ռեստորանի կողմից առաջարկվող այլ սիրիա-հայկական ու արևելահայկական համեղ կերակուրներ: Այստեղից կհեռանաք հաճելի համային զգացողություններով և խոհարարական նոր հմտություններով՝ ձեր ընտանիքին ու ընկերներին զարմացնելու մտադրությամբ: Ինչպես նաև կբացահայտեք, թե ինչպես են փոխազդել հայկական և սիրիական մշակույթն ու խոհանոցը 1990-ականների սկզբին, կիմանաք նաև, որ հայրենադարձությամբ այսօր հայերն իրենց հետ Հայաստան են վերադարձրել այդ սիրիա-հայկական հարուստ ավանդույթները:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
«Հին Աշտարակ» ռեստորանի պատմությունն արտացոլում է տարբեր շերտեր՝ կապված Աշտարակի պատմության, հայերի բռնի վերաբնակեցման և իրենց հայրենիքում ապրելու հավերժական որոնումների հետ: Սիրիայում ծնված այս ընտանիքի երկու սերունդներ հանդիպել և սիրահարվել են Հայաստանում. Սևանն ու իր ամուսինը՝ Խորհրդային Հայաստանում, իսկ նրանց որդի Հովիկն ու իր կին Դալարը՝ Հայաստանի Հանրապետությունում: 2015 թվականին ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Հայաստանում՝ Աշտարակ քաղաքում, իսկ 2016 թվականին նրանք հիմնեցին «Հին Աշտարակ» ռեստորանը: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, մեծ ջանքերի, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ, նրանք կարողացան իրենց ռեստորանը դարձնել ջերմ և ընտանեկան հանգստի վայր, որտեղ մատուցվում են սիրիա-հայկական և արևելահայկական ավանդական և համեղ կերակուրներ: Ողջ ընտանիքը ներգրավված է ռեստորանի գործունեության մեջ՝ հստակ դերակատարություններով։ «Հին Աշտարակ» ռեստորանը ընտանեկան բիզնեսի հրաշալի օրինակ է, իսկ Արոնյանները՝ իրենց ջերմ և անմիջական վերաբերմունքով, յուրահատուկ և համեղ ուտեստներով և հետաքրքիր խոհարարական դասերով անտարբեր չեն թողնի ոչ մի այցելուի։
Համտեսե՛ք, սովորե՛ք և ճաշակե՛ք Ձեր պատրաստած համեղ կերակուրները: