Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է։ Այն կառուցված է խորը ձորերի մեջ վեր խոյացող բարձրադիր եռանկյունաձև բարձունքի վրա, և հանդիսանում է Հայաստանի ամենաուշագրավ պաշտպանական համալիրներից մեկը: Միջնադարում ունեցած կարևոր նշանակության, պատմության և ճարտարապետության շնորհիվ՝ ամրոցը հանդիսանում է այս փորձառության առանցքային մասը, որի շրջանակներում կազմակերպվում է քայլարշավ դեպի ամրոց, իսկ արշավի ավարտին Արտաբույնք գյուղում ընձեռվում է հնարավորություն մասնակցել թոնրի մեջ հայկական ավանդական գաթայի թխման վարպետաց դասին։ Արշավը կմեկնարկի Եղեգիս գյուղից, որտեղ էլ կհանդիպեք ձեր զբոսավար Վարդան Քարամյանին: Վարդանն ունի այցելուների հետ աշխատելու մեծ փորձ և առանձնակի սիրով ու հոգատարությամբ է վարում բոլոր շրջայցերը։ Նա նաև մի քանի քայլարշավային երթուղիների հեղինակ է, հետևաբար, քաջատեղյակ է մարզի բուսական և կենդանական աշխարհին, բանահյուսությանն ու պատմությանը: Նա ձեզ կներկայացնի գյուղի պատմությունը, այդ թվում՝ երբեմնի իշխանական տան նստավայր միջնադարյան Եղեգիս գյուղաքաղաքը․ ։ ներկայիս գյուղի տարածքում են գտնվում Զորաց եկեղեցին (14-րդ դար) և հրեական գերեզմանատունը։
Բարձունքը հաղթահարելուց հետո Սմբատաբերդից կբացվի հիասքանչ տեսարան դեպի շրջակա հովիտներն ու քարքարոտ լեռները՝ հիացնելով ցանկացած այցելուի։ Ամրոցը շրջապատված է երեք մետր հաստությամբ բազալտե պարիսպներով, ունի կիսաշրջանաձև աշտարակներ և միջնաբերդեր: Բերդի ընդարձակ տարածքում շրջելով՝ ձեզ կապշեցնեն ճարտարապետների համառությունն ու վարպետությունը, ովքեր ձորի երկայնքով այսպիսի հսկայական շինություն են կառուցել: Եթե ժամանակը ների, կարող եք մի փոքր առաջ շարժվել և այցելել Ցաղաց Քար վանական համալիր և Սուրբ Կարապետ եկեղեցի, որը կառուցվել է շուրջ հազար տարի առաջ՝ 1041 թվականին: Շատ տպավորիչ են հատկապես խորանի քանդակները, լուսամուտների զարդանախշ շրջանակներն ու եկեղեցու դիմաց գտնվող խաչքարերը: Այստեղից զարմանահրաշ տեսարան է բացվում դեպի Սմբատաբերդ ու Վայոց ձորի գեղատեսիլ բնաշխարհ:
Արշավը կավարտվի Սմբատաբերդի հարևանությամբ գտնվող Արտաբույնք գյուղում՝ Վարդանի պապիկի կառուցած տանը, որը Վարդանը և իր եղբայր Կարենը դարձրել են հյուրատուն՝ անվանելով այն «Այրարատ»։ Արշավից հետո կարող եք հանգստանալ Վարդանի ու Կարենի հյուրընկալ ընտանիքի հետ: Այդ ընթացքում տան տիկինը՝ Թամարան, ձեզ մասնակից կդարձնի հայկական ամենահայտնի խոհարարական ավանդույթներից մեկինը՝ թոնրի գաթա թխելու արարողությաունը: Դուք կմասնակցեք գաթայի միջուկի՝ խորիզի պատրաստման գործընթացին և բուն գաթայի պատրաստմանն ու թխմանը։ Այստեղից կհեռանաք գաթայի յուրահատուկ բաղադրատոմսով՝ հետագայում ձեր ընտանիքի և ընկերների համար պատրաստելու մտադրությամբ:
Հյուրընկալի մասին
Այրարատ հյուրատունը, որ գտնվում է Ցաղաց Քար վանական համալիր ու հայտնի միջնադարյան Սմբատաբերդ ամրոց տանող ճանապարհի վրա, պատկանում է Կարենին և Վարդանին: Տեսնելով ամրոց և վանք այցելող զբոսաշրջիկների մեծ հոսքը և մոտակայքում գիշերելու հարմարությունների բացակայությունը, ինչը խոչընդոտում էր ըստ արժանվույն գնահատել տեղի մշակույթը՝ Կարենը որոշեց հրավիրել զբոսաշրջիկներին իրենց տուն գիշերելու և գյուղական կյանքին ծանոթանալու: Սակայն հյուրատուն կառուցելու գլխավոր պատճառը Կարենի՝ այդ տնից չհեռանալու պապին տված խոստումն էր, ինչը ոգևորեց նրան հետամուտ լինել իր երազանքի իրագործմանը և վերանորոգել հյուրատունը: Նրանց հաջողության գրավականը ջերմ ու սիրալիր հյուրընկալությունն է, որի մեջ ներգրավված է իրենց ողջ ընտանիքը. Կարենը պատասխանատու է հյուրերի հետ կապերի համար, նրա եղբայր Վարդանը շրջայցեր է կազմակերպում դեպի մոտակա տեսարժան վայրեր, իսկ մայրը ստանձնել է գաթա թխելու արվեստը այցելուներին սովորեցնելու պատվավոր առաքելությունը: