Աշնակի պատմությունն ազգային դիմադրության և մշակութային վերակենդանացման պատմություն է։ Հիմնվելով 1917թ-ին՝ Աշնակ գյուղը նոր հայրենիք դարձավ ցեղասպանությունից մազապուրծ եղած սասունցիների համար։ Այստեղ սասունցիների սովորույթներն ու ավանդույթները պահպանվում են իրենց խոհանոցի, պարերի և երգերի միջոցով։ Նրանց հետնորդներից Անի Հովհաննիսյանը, իր ընկերուհու՝ Գայանե Մալիշենկոյի հետ վերջերս Աշնակում հիմնել է Նուշ հյուրատուն-ռեստորանը, ուր միասին աշխատում և այցելուներին են առաջարկում խոհարարական բազմաթիվ վարպետաց դասեր։
Դուք Գայանեի հետ կսկսեք պատրաստել կլուլիկ՝ ձավարի ախորժահամ գնդիկներով, որոնք թթու կաղամբի հետ եփվում են օջախի վրա։ Ավանդական կլուլիկ պատրաստելն ու համտեսելը մի սեղանի շուրջ է հավաքում և միավորում բոլորին։ Մինչ կլուլիկը կեփվի, դուք կսովորեք մեկ այլ ուտեստի՝ նուշելլոի պատրաստման ձևը։ Վերջինս Անիի և Գայանեի կողմից ստեղծված ուտեստ է և պատրաստվում է կաթնաշոռով, թթվասերով և նուշով՝ ստանալով համեղ ու առողջարար համադրություն։ Հյուրատունն իր անունը ստացել է իրենց այգում աճող ավելի քան քսան նշենիների շնորհիվ, որոնց պտուղն օգտագործվում է Նուշի ճաշացանկի բոլոր ուտեստներում։
Գտնվելով Երևանիից Գյումրի տանող ճանապարհին՝ Նուշը իդեալական վայր է կանգ առնելու, այգում հանգստանալու և ռեստորանի բացօթյա տաղավարում տեղական ուտեստները վայելելու համար։ Ուշ ամռանը և աշնան սկզբին դուք կարող եք ձեր ձեռքով հավաքել արևահամ մրգեր Նուշի այգուց, կամ, եթե ճիշտ ժամանակ ընտրեք, կարող եք ազգագրական պարերի ուղեկցությամբ վայելել ախորժահամ ուտեստները։
Անիի և Գայանեի հյուրատունը Աշնակի մշակութային ժառանգության նորարարական վերածնունդն է: Ընտանեկան ուտեստները ներկայանում են ուրույն առաջարկով՝ միախառնելով խոհարարական ավանդույթները ժամանակակից մոտեցումների հետ։ Նուշը ոչ միայն արտացոլում է Աշնակի անցյալը, այլև ձեզ հնարավորություն է տալիս դառնալ գյուղի ապագայի մասնիկը։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Աշնակ գյուղը Հովհաննիսյան ընտանիքի և այլ սասունցիների նոր հայրենիքն է, ում պատմությունը սկսվել է այստեղ ցեղասպանությունից հետո։
Դպրոցից հետո Անին տեղափոխվում է Երևան, այնուհետև՝ Փարիզ՝ զբոսաշրջության ոլորտում կրթություն ստանալու նպատակով, սակայն, շուտով որոշում է վերադառնալ հայրենի Աշնակ։ Անին և իր ընկերուհի Գայանե Մալիշենկոն հանդիպել են 2010-ին և դարձել լավագույն ընկերներ՝ բացահայտելով տուրիզմի, արվեստի և երաժշտության ոլորտում ընդհանուր հետաքրքրությունները։ Աղջիկները սերնդակիցներ են, ում մանկությունն անցել է 90-ականների դժվար ժամանակաշրջանում։ Արդյունքում երկուսն էլ դարձել են ինքնաբավ, ստացել բարձրագույն կրթություն և սովորել մի քանի օտար լեզուներ։ Անիի ընտանիքի հետ միասին նրանք վերափոխել են իրենց տունը հյուրատուն-ռեստորանի, ուր պատրաստում են սասունցիների՝ սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան ուտեստները, ապահովում այցելուների ժամանցը՝ հայկական ջերմ միջավայրում։