Վայոց ձորի Արենի-1 քարանձավի հնագիտական տվյալների համաձայն՝ Հայաստանում գինեգործությունը սկսվել է դեռևս մ.թ.ա. 4000 թվականից: Ողջ Կովկասում գինեգործությունն առավել զարգացած է Վայոց ձորում՝ մարզի բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ: Այցելելով Արենիում բնակվող Գրիգորյանների ընտանիքին և իրենց փոքրիկ այգում նրանց հետ մասնակցելով խաղողի մշակման որևէ փուլի՝ կարող եք ծանոթանալ այգեգործության և գինեգործության հնագույն ավանդույթներին։
Վայոց ձորում աճում են տեղական խաղողի տարբեր սորտեր, այդ թվում նաև՝ հայտնի “Արենի” խաղողը: Համանուն Արենի գյուղում տասնյակ տնտեսություններ, շարունակելով սերունդների ավանդույթները, զբաղվում են տնայնագործական գինու արտադրությամբ։ Նման ընտանիքներից է նաև Գրիգորյանների ընտանիքը, ովքեր պատրաստ են մեծ սիրով ձեզ հետ կիսվել Արենիում գինեգործության իրենց փորձով:
Բանասացության բնատուր տաղանդով օժտված Գևորգը նախ կներկայացնի իրենց խաղողի այգին և դրա մշակման առանձնահատկությունները։ Տարվա յուրաքանչյուր ժամանակաշրջանին հատուկ են որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ․ գարնանը հատում են խաղողի որթերը, ամռանը հավաքում են տերևները, իսկ աշնանը` քաղում, ճզմում կամ ոտքով տրորում խաղողը: Անկախ ձեր այցի ժամանակահատվածից՝ Գևորգը մանրամասն կներկայացնի խաղողի մշակման և գինեգործության բոլոր առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանում գինի խմելու մշակույթի հետաքրքիր նրբությունները, ինչպիսին է տարբեր առիթներին հասարակության մեջ ընդունված կենացների ավանդույթը։
Խաղողագործության և գինեգործության ավանդույթներին ծանոթանալուց հետո կարող եք ընտանեկան Ար Արենի ռեստորանում Սվետլանայի հետ մասնակցել առաջարկվող խոհարարական երկու վարպետաց դասերից որևէ մեկին, ապա՝ ճաշակել ձեր իսկ ձեռքով պատրաստված ուտեստը:
Տոլմայի պատրաստման վարպետաց դաս
Խաղողի տերևներն օգտագործվում են բազմաթիվ ազգային կերակուրներ պատրաստելիս և ավանդական տոլմայիանբաժան բաղադրիչներից են: Եթե ձեր այցը համընկնի թարմ տերևներ հավաքելու շրջանին, այգուց կարող եք հավաքել տերևները և դրանցով կփաթաթել տոլման։ Սվետլանան կկիսվի համեղ տոլմա պատրաստելու իր բոլոր գաղտնիքներով․ ինչպես փափկեցնել խաղողի տերևները, պատրաստել մսի խճողակը, խառնել բաղադրիչները և վարպետորեն փաթաթել այն խաղողի տերևով։
Ձկան պատրաստման վարպետաց դաս՝ տեղական բաղադրատոմսով
Արենի գյուղի միջով հոսող գետը հայտնի է շրջանի ամենահամեղ կողակով, որը տեղաբնակները հաճախ որսում և օգտագործում են խոհանոցում: Սվետլանան կներկայացնի ձկան պատրաստման տեղական եղանակն ու բաղադրատոմսը: Դուք կմասնակցեք պատրաստման բուն գործընթացին և կկարողանաք նոր հմտությունները հետագայում կիրառել սեփական խոհանոցում։ Կարտոֆիլը և լոլիկը եփում են նախապես լավ լվացված խաղողի շիվերի հետ, այնուհետև վրան դասավորում են ձուկը: Շիվերը ձկանը հաղորդում են նուրբ համ և հետաքրքիր բույր։
Մինչ կերակուրը պատրաստ կլինի՝ հյուրընկալները ձեզ կուղեկցեն մառան՝ գինի համտեսելու և ծանոթանալու հայկական գինեգործական մշակույթին և ավանդույթներին։
Ծանոթացեք ձեր հյուրընկալների հետ
Գևորգի և Սվետլանայի պատմությունը նման է խորհրդային շրջանում Արենիում բնակվող բազմաթիվ ընտանիքների պատմությանը: Նրանք զգալի ավանդ և դերակատարում ունեն Արենիի գինեգործական ավանդույթների պահպանման գործում: Ամուսինները շատ ջերմ են և հյուրընկալ, պատրաստ են մշտապես սովորել և կատարելագործվել, ունեն պրպտող միտք և միասին լավ կյանք կառուցելու շարունակական երազանքներ: Գևորգը կարող է ժամեր շարունակ խոսել մարզի և գյուղի պատմության, ինչպես նաև Արենիի և հայկական խաղողագործության ու գինեգործության մասին: Մյուս կողմից, Սվետլանան պատրաստ է կիսվել տեղական խոհանոցի համեղ գաղտնիքներով: Այս ամենը ձևավորում է զբոսաշրջային հիանալի և անմիջական փորձառություն: Գևորգի և Սվետլանայի պատմությունը ավանդականի և նորի ճիշտ համադրության, ինչպես նաև հյուրընկալների ու զբոսաշրջիկների միջև ձևավորվող բարեկամության մասին է: Զբոսաշրջիկներն այստեղից հեռանում են ոչ միայն ընկերներ, այլև՝ ընտանիքի նոր անդամներ դարձած: