Որոտանի գեղատեսիլ կիրճում՝ գետափին, Ժորա Համբարձումյանը իր ընտանիքի հետ առանձնացել և նախընտրում է ապրել բնությանը ավելի մոտ։ Դուք կարող եք Ժորայի ընտանիքի հետ պատրաստել թարմ բանջարեղեններով և ձկով ուտեստներ՝ բնությունից ձեր սեղանին։
Երբ Ժորան երիտասարդ էր և ապրում էր Վաղատին գյուղում, Որոտանն ավելի ջրառատ էր ու լի ձկներով, հատկապես՝ կարմրախայտով։ Գետի ձկներին վտանգող շինարարության պատճառով՝ Ժորան 1995-ին վերադարձավ հայրենի գյուղ և սկսեց բուծել կարմրախայտ, որպեսզի համալրի գետի ձկնային պաշարը՝ տարեկան գետ բացթողնելով մինչև 25,000 ձուկ։ Երբ Ժորան ցույց տա ձկների ավազանները, դուք կարող եք կերակրել կամ բռնել ձկներ՝ համեղ ուտեստներ պատրաստելու համար։
Շնորհիվ Ժորայի և իր որդի Արտյոմ Համբարձումյանի՝ մրգերի և բանջարեղենի մի ամբողջ բազմազանություն այժմ ծաղկում է գետի ափով ձգվող այգիներում և ջերմոցում, ինչպես նաև վայրի ծնեբեկի առատ բուսականություն՝ Որոտանի կիրճի հարակից լեռնալանջերում: Դուք կարող եք վայելել Ժորայի աշխատանքի պտուղները և ծանոթանալ, թե ինչպես է գետի ափին տարածվող նոր կյանքը օգնում վերականգնել հայկական խոհանոցային մշակույթի հարուստ ավանդույթները։
Այգում և բարդիների հովին կարճ շրջելուց հետո, Ժորան և Արտյոմը ձեզ ցույց կտան խարույկի վրա ծնեբեկ պատրաստելու տեղական յուրահատուկ ձևը՝ ուռենու կեղևում փաթաթված։ Նրանք կտրում են ուռենու կեղևը և իհարկե, պարբերաբար նոր ծառեր են տնկում բնության հավասարակշռությունը չխախտելու համար։ Ուռենու ճյուղը խարույկի վրա պատրաստելու լավագույն տարբերակն է, քանի որ ապահովում է խոնավության ճիշտ մակարդակ և ծնեբեկին տալիկ հաճելի, փայտային համեր։ Խարույկի վրա նաև պատրաստեք թարմ բռնած կարմրախայտը։
Կախված տարվա եղանակից՝ ճաշի տեղական բաղադրամթերքները տարբերվում են ու կարող են ներառել բրոկոլի, կանաչիներ, վարունգ, պղպեղներ և լոլիկ, ինչպես նաև խնձորներ, ծիրան, բալ, թուզ, խաղող, դեղձ, տանձ և սալոր։ Խնջույքի սեղանի զարդերից են Ժորայի տնական գինիներն ու օղիները, որ հայկական ավանդական կենացներին ծանոթանալու լավագույն առիթներից են։
Ծանոթացե՛ք ձեր հյուրընկալի հետ
Շնորհիվ մանկության հաճելի հիշողությունների և ծննդավայրի ու բնության հետ կապված լինելուն՝ Ժորա Համբարձումյանը որոշեց այգի հիմնել Վաղատինում, որտեղ այժմ աճեցնում է նոր, բարձրակարգ մշակաբույսեր՝ ներառյալ ծնեբեկ, բորոկոլի, նեխուր և զանազան կանաչիներ։ Այս տարածքը գտնվում է Որոտնավանքի ներքևի կիրճում՝ միջնադարյան պատմական վայր և ճարտարապետական հուշարձան։ Ժորան սիրում է ասել. ”Տուր բնությանը այն, ինչ վերցրել ես նրանից”,որը դարձել է նրա կարգախոսը։ Նա հավատում է, որ անհնարին ոչինչ չկա․ հարկավոր է ուղղակի քայլ անել ձեր գաղափարներն իրականացնելու համար, որոնք շոշափելի արդյունքի կհանգեցնեն։ Այս այգին և նրա տերերը այնքան հայտնի են ողջ շրջանում, որ շատ տեղացիներ սիրում են այցելել այստեղ հանգստյան օրերին և վայելել Ժորա պապիկի ջերմ հյուրընկալությունը։