Քյալագյոշը հնարավոր չէ ուղղակի համտեսել՝ առանց այս ախորժահամ ուտեստը հայկական ավանդական հատուկ արարողությամբ համեմելու։ Եթե այցելեք Սիսիան Կերամիքսի Հացատուն, տաղանդավոր արհեստավորներ Վահագնը և Զառան ձեզ կսովորեցնեն ոչ միայն ինչպես համտեսել տոնական ուտեստը, այլ նաև ինչպես գդալը փոխարինել լավաշով: Իհարկե, քյալագյոշի ցանկացած արարողություն կիսատ է առանց հաճելի խմիչքի ուղեկցության, ինչպիսին հյութերն ու տնական օղին են: Ըստ ձեր նախասիրության՝ Վահագնը նաև կներկայացնի ինչպես կենաց ասել իսկական սյունեցու պես:
Զառան սիրում է կատակել, որ քյալագյոշը նման է լեգոյի. դու կարող ես «հավաքել» այն ինչպես ցանկանաս: Սիսիանում քյալագյոշի ցանկացած ավանդական համտես սկսում է չորաթանի հիմքով՝ պատրաստված կաթնամթերքից և համադրված մի շարք հիմնական բաղադրիչների հետ: Ձեր առջև կփռվի սեղանը՝ լի ոսպով, չոր լավաշով, ծեծած սխտորով, սոխեռածով և այլ համեղ մթերքներով: Երբ արդեն ուտելու ժամանակն է, Վահագնը և Զառան ձեզ ցույց կտան ինչպես յուրաքանչյուր բաղադրիչ հավաքել ձեր ափսեում՝ ըստ ձեր նախասիրության:
Քյալագյոշի համտեսն ինքնին արարողություն է: Ուտեստը սովորաբար համտեսում են հարազատների և ընկերների հետ, որն ուղեկցվում է անվերջ քննարկումներով, թե որն է բաղադրիչները համադրելու «ճիշտ» ձևը: Երբ ձեր ափսեն արդեն պատրաստ է, Վահագնը կներկայացնի ավանդական կենացները, որ քյալագյոշի արարողության անբաժան մասն են: Առաջարկվող տարբերակներից են մրգային օղին կամ վարդի զովացնող օշարակը, որը պատրաստվում է իրենց այգու ծաղիկներից. ամենը՝ Վահագնի և Զառայի ձեռքերով:
Հացատուն ձեր այցելության ընթացքում կարող եք մասնակցել նաև նրանց կից արհեստանոցում առաջարկվող վարպետաց դասերից մեկին, որտեղ Վահագնը և Զառան կսովորեցնեն ինչպես աշխատել կավով, նկարել կավե իրերի կամ շղարշե շարֆերի վրա:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Հիմնադրված լինելով Վահագն Համբարձումյանի և Զառա Գասպարյանի կողմից 2004-ին, Սիսիան Կերամիքսը առաջին և միակ կավագործական արհեստանոցն է, որ օգտագործում է Սիսիանի սարերի տեղական կավը: «Ես մշտապես հետաքրքրվել եմ կավով և կավագործությամբ և որոշել եմ, որ պետք է ունենամ սեփական արհեստանոցը և զարգացնեմ կավագործության արվեստը մեր տարածաշրջանում»,-բացատրում է Վահագնը: Ոգեշնչվելով տեղի բնությամբ և պատմությամբ, արհեստանոցը ջանում է պահպանել և վերականգնել կավագործության ավանդական մշակույթը:
Վահագնը և Զառան իրենց ստեղագործականությունն արտահայտում են դուրգից անդին՝ իրենց փոքրիկ Հացատան միջոցով: Սկսելով թեյի, այնուհետև՝ միայն մի քանի տեղական ուտեստների հյուրասիրությունից՝ Վահագնը ի վերջո հիմնեց առանձին հացատուն, որտեղ մատուցվում են տեղական ավանդական խոհանոցի ամենահայտնի ուտեստները: Որպես գլխավոր խոհարար՝ Զառան օգտագործում է տեղական մրգեր և բանջարեղեններ իրենց այգուց, որոնք ոչ միայն առողջարար են, այլև՝ բնորոշ իրենց շրջանին: Այս կերպով Հացատունն ընդօրինակում է Սիսիան Կերամիքսի նույն սկզբունքներն ու նվիրվածությունը: Նրանց գաղտնիքն է՝ եթե սիրում ես քո աշխատանքը, այն քեզ բավարար ուժ է տալիս նպատակներիդ հասնելու համար: