Մեղվապահությունը Սյունիքի ավանդական զբաղմունքներից մեկն է՝ շնորհիվ մարզի բարենպաստ կլիմայի և բազմազան բուսականության, որոնք գրավում են մեղուներին։ Ավելի քան 50 տարվա մեղապահական փորձով՝ Գրիշա Հարությունյանը իր հարսի՝ Անուշ Մալինցյանի հետ, կատարյալ հյուրընկալներ են այս փորձառության համար։ Անձամբ ծանոթացեք մեղվապահության առավելություններին և դժվարություններին, նաև այլ արտադրանքների, որոնք անթափոն մեղվապահության արդյունք են․ ամենը՝ Գրիշա պապիկի հարյուրամյա տանը, որը Գորիսի ամենահին շինություններից է։
Զինվե՛ք պաշտպանական հագուստներով, որ կարողանաք անվտանգ մոտենալ մեղվափեթակներին: Ուշադիր լսեք Գրիշա պապիկի պատմությունները մեղվապահության մասին, և թե ինչպես են մեղուները “կենցաղավարում” և մեղր արտադրում: Այս ամենը հեշտ չէ. մեղվաընտանիքը երջանիկ, առողջ ու արտադրողական պահելը մեծ ջանասիրություն է պահանջում։ Միայն մեղվաընտանիքներ ունենալը բավարար չէ․ միջավայրը նույնպես կարևոր դերակատարում ունի, ներառյալ՝ ինչպես են տարածաշրջանին հատուկ ծաղիկներից ստանում առանձնահատուկ մեղր՝ բնորոշ միայն այդ տեղանքին։ Սյունեցիների խոհանոցում մեղրը ամենակարևոր մթերքներից է, որը տեղացիների համոզմամբ նպաստում է երկար, առողջ կյանքին և կարող է նույնիսկ բուժել որոշ հիվանդություններ: Տարածաշրջանին ամենաբնորոշ նախաճաշը հացն է՝ կարագ ու մեղրով, բայց միայն մաքուր ու անարատ մեղր, որի նեկտարը մեղուները հավաքում են տեղի դաշտային ծաղիկներից։
Գրիշան հավաքում է նաև մեղրամոմը, որից ստացվում է ձեռքի անուշահոտ քսուք։ Անուշը, անընդհատ կատարելագործելով, վարպետացել է չոր մաշկի բուժման հարցում՝ օգտագործելով մեղրամոմի բուժիչ հատկությունները: Հետևելով նրան՝ դուք կընտրեք ձեր ցանկացած եթերային յուղերը՝ յուրաքանյուրը իր հոտով և հատկություններով, այնուհետև կսովորեք դրանք մեղրամոմին խառնելու նուրբ գործընթացը՝ ստեղծելով ձեր սեփական մեղրամոմով քսուքը։
Վերջում Գրիշան ցույց կտա իր տունը՝ կառուցված 1913-ին, որը երկար տարիներ լքված էր՝ մինչև 1993թ-ը։ Նույն հոգատարությամբ, որով խնամում է մեղուներին, Գրիշան վերականգնել է տունը, որն այժմ Հայաստանի հարավի ավանդական քաղաքային ճարտարապետության լավագույն օրինակ է։ Մինչև պատրաստած քսուքները կսառեն, դուք կվայելեք սարերի թեյը՝ Գրիշա պապի անմահական մեղրով։
Ծանոթացե՛ք ձեր հյուրընկալի հետ
Համաձայն Գրիշա պապի՝ անհնար է զբաղվել մեղվապահությամբ՝ առանց սիրո և նվիրվածության։ Սա սկզբունքային է Գրիշայի համար, ում ամենամեծ ոգեշնչումը մեղվապահությունն է։ Ավելի քան հիսուն տարի այս պատվաբեր արհեստը կատարելագործելուց և հղկելուց հետո, Գրիշան այժմ Գորիսի ամենահայտնի մեղվապահներից է: Նրա հարսը՝ Անուշը, տատից ժառանգելով մեղրամոմի բուժիչ հատկությունների, ինչպես նաև վերքերը և մաշկի ճաքերը բուժելու ժողովրդական ավանդույթների մասին, պատրաստում է անուշահոտ քսուք, որն օգնում է մաշկը փափկեցնել և բուժել։