Նկարչության բացօթյա այս դասը ձեզ կներկայացնի Գոհար Պետրոսյանի ամենակարևոր ոգեշնչումը՝ իր հարազատ Հացիկ գյուղի մերձակայքում գտնվող բնապատկերները և մշակութային վայրերը: Դուք կսկսեք շրջել Գոհարի ստուդիայում, որտեղ կտեսնեք նրա խեցեգործական աշխատանքների օրինակները, կտավի վրա նկարները, և մարզի հնագիտական առարկաների նմուշները: Իր գեղարվեստական տեխնիկայի և անցած ճանապարհի մասին մի փոքր պատմելուց հետո, Գոհարը ձեզ կտանի դեպի այն վայրերից մեկը, որոնք դառնում են ոգեշնչում նրա ստեղծագործությունների համար` շրջակա գյուղեր, դաշտեր, տներ կամ հին եկեղեցիների ավերակներ․ սրանք ոգեշնչում կդառնան նաև ձեզ համար:
Կարող եք նաև այցելել Ծակ Քար ուխտատեղին․ բնական քարե հուշարձան, որը տեղի բնակիչները այցելում են հիմնականում հուլիսին՝ Վարդավառի տոնի առթիվ: Ըստ լեգենդի՝ նրանք, ովքեր անցնում են քարի միջով, բուժվում են բոլոր հիվանդություններից, և նրանց ցանկությունները իրականանում են։ Ծակ Քարից ոչ հեռու գտնվող լեռան վրա է գտնվում «Յոթ եղբայրների» մատուռը, որը մարտում նահատակված յոթ եղբայրների գերեզմանն է։ Կիրճը, որտեղ գտնվում են այս երկու վայրերը, հագեցած է տեղական ավանդույթներով և հավատալիքներով: Շատ այցելուներ տարածքում տեղադրում են խաչքարեր կամ տնկում ծառեր և ցանկություն պահում:
Հացիկի մոտ են գտնվում մի քանի հնագույն կրոնական վայրեր և առարկաներ։ Օրինակ` 1500-ական թվականներին թվագրվող ձեռագիրը հայկական մանրանկարչության հիանալի օրինակ է, որը, ըստ հավատալիքների, իր բուժիչ հատկությունների շնորհիվ պահպանվել է սերունդեսերունդ և ներկայումս պատկանում է Հացիկի 96-ամյա մի գյուղացու: Տեղացիների համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև գյուղի՝ 1988-ի երկրաշարժի ժամանակ մասամբ փլուզված բազիլիկան:
Դասի ավարտին Գոհարի ընտանիքն առաջարկում է սուրճ, թեյ և տեղական աղանդեր, ինչպիսիք են չորացրած մրգերը և խմորեղենները: Տան մեծ պարտեզում հանգստանալով՝ կարող եք տեղեկանալ Հացիկի պատմության և առօրյա կյանքի մասին կամ կարող եք ավելի շատ ժամանակ վայելել բնության գրկում:
Գոհարի՝ թանգարան հիշեցնող պատկերասրահում զբոսաշրջիկները կարող են մանրամասն ուսումնասիրել տարատեսակ գեղարվեստական ոճեր։ Այցի ընթացքում նրանք հաղորդակից կդառնան Հայաստանի հարուստ գեղարվեստական ավանդույթներին: Նրանց համար, ովքեր նախընտրում են մնալ Գոհարի ստուդիայում և պատրաստել սեփական հուշանվերը, Գոհարը նաև առաջարկում է խեցեղենի վրա նկարելու վարպետաց դասեր:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Գոհար Պետրոսյանը կավով աշխատող ամենաոգեշնչող, զարգացող հայ արվեստագետներից է: Ոգեշնչված գյուղական անդորրից և Հացիկ գյուղի գեղատեսիլ բնապատկերից՝ նա տեղափոխվեց այնտեղ` վերակենդանացնելու հայկական խեցեգործության մշակութային նշանակությունը` ըստ իր գեղարվեստական տեսլականի: Գոհարի տարբերակիչ տեխնիկան մանրակրկիտ գեղարվեստական փորձարկումների արդյունք է: Նա օգտագործում է կավի ուժն ու գեղանկարչության գեղեցկությունը արձանիկներում, որոնք պարունակում են հայկական տարազի բարդ նախշերն ու տարածաշրջանային շեշտադրումները: