Ախթալան, լինելով Լոռվա գեղադիր անկյուններից մեկում ծվարած մի փոքրիկ բնակավայր, հայտնի է շատ վաղուց: Այն առանձնանում է չքնաղ բնությամբ և պատմական հուշարձաններով, որոնք այս վայրը դարձնում են Հայաստանի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը:
Հիմնված լինելով 2016 թ-ին՝ Նուռիկը Ախթալայի ամենակարևոր մշակութային օջախներից է: Որպես զբոսաշրջային կենտրոն՝ Նուռիկը իր հյուրերին առաջարկում է մասնակցել ավանդական ուտեստների պատրաստմանը, համահեղինակել կարպետագործության նմուշներ՝ տեղացի վարպետների օգնությամբ, և վայելել կենտրոնից բացվող տեսարանը՝ դեպի 13-րդ դարի հրաշագեղ վանական համալիր՝ համտեսելով թարմ թխված գաթան և այլ յուրահատուկ հայկական ուտեստներ:
Գորգագործությունը և կարպետագործությունը, որ ավանդաբար համարվում են կանացի արհեստներ, ինչպես Հայաստանի այլ վայրերում, Լոռիում ևս տարածված տնային զբաղմունքներ են եղել: Կարպետագործությունը իր հատուկ տեղն ունի հայ ժողովրդի ավանդական արհեստների շարքում: Նուռիկ կենտրոնում կարպետագործության վարպետաց դասի ընթացքում ձեռագործ վարպետները կներկայացնեն իրենց անձնական պատմությունները, որոնք կապված են նախաձեռնության, առանձին տարրերի, հաջողությունների ու բարդությունների, դրանց հաղթահարման եղանակների հետ: Կանանց ձեռարվեստը որպես արհեստագործության ոլորտ հնարավորություն է տալիս նյութերի լեզվով պատմել կանանց պատմությունները: Այսօր Լոռվա գյուղերում դեռ ապրում են այս արհեստի հմտություններին տիրապետող կանայք, ովքեր պատրաստ են իրենց հմտություններով կիսվել այցելուների հետ՝ ապրեցնելով ավանդական այս արհեստը: Ամենամոտը կանգնած լինելով գորգագործական ավանդույթին և գնահատելով դրա արժեքը՝ նրանք մեծ խնամքով պահել են ոչ միայն իրենց , այլ նաև իրենց մայրերի և տատերի գործած գորգերը:
Հայ կանանց ձեռարվեստի նմուշները, որոնք ստեղծվել են հաճախ առանց հատուկ ուսուցման՝ բանավոր կերպով ավանդույթը մորից աղջկան կամ հարսին փոխանցելու միջոցով, հնարավորություն է տվել կանանց ոչ միայն ապահովել ավանդույթի փոխանցումը, այլև ստեղծագործել և արարել սեփական գույների ու նախշերի համադրությունը, որին հաղորդակից կդառնաք Նուռիկ կենտրոնում:
Դուք կարող եք բազմապատկել ձեր տպավորությունները՝ Նուռիկ կենտրոնում մասնակցելով նաև ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասերին և զբոսավարի ուղեկցությամբ շրջելով կենտրոնի հարևանությամբ գտնվող հայկական ամենանշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկի՝ Ախթալայի վանական համալիրի տարածքում: