Տուրիզմի Ուրույն Կենտրոնը կամ ՏՈՒԿ-ը համայնքահենք զբոսաշրջային նախաձեռնություն է՝ մասնագիտացած Լոռու մարզի բնական, արկածային և մշակութային զբոսաշրջային ուղղություններով։ Դրա հիմնական գաղափարախոսությունն է այցելուներին հնարավորություն տալ տեղացիների հետ հանդիպելու, շփվելու և նպաստելու նրանց միջև միջմշակութային հաղորդակցությանը։ Ճամբարը գտնվում է Դսեղ գյուղում, որը հայտնի է իր բազմազան և գեղատեսիլ բնապատկերներով, ինչպես նաև՝ որպես հայ մեծանուն բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդավայր։ Դսեղը մշտապես հիացրել է այցելուների տարբեր սերունդների իր բնության գունագեղ տեսարաններով, անհատակ ձորերով և վեհաշուք լեռներով: Արկածների սիրահարներին ՏՈՒԿ-ը առաջարկում է «զիլինգի» եզակի փորձառություն՝ Խորհրդային շրջանում հիմնականում գյուղական համայնքներում հայտնի զիլ բեռնատարով։ Զիլի բացօթյա թափքը նախկինում օգտագործվում էր բերքը տեղափոխելու համար, իսկ այժմ, փոխարինելով գնացքների, օդանավերի կամ թանկարժեք մեքենաների, այն կարող է շրջայցի տանել անմոռանալի տպավորություններ փնտրողներին։ Զիլով շրջայցը կատարյալ փորձառություն է անսովոր և զվարճալի հիշողություններով օրը անմոռանալի դարձնելու համար։ Հանդիպելով ձեր տեղացի ուղեկցորդներին՝ դուք զիլով կուղևորվեք դեպի Դսեղի հայտնի Ծովեր լիճ։ Մինչ ձեր զիլը հաղթահարում է խորդուբորդ ճանապարհի դժվարությունները, դուք կարող եք վերևում կանգնած արբենալ շքեղ բնապատկերով, որ ոգեշնչել է Մարտիրոս Սարյանին վրձնել հայտնի կտավը՝ պատկերված հայկական հինգ հազար դրամանոցի վրա։ Այս զվարճալի արկածը մանկական անմոռանալի տպավորությունները վերապրելու հիանալի հնարավորություն է։ Դսեղի Ծովերը տեղանքի գոհարներից է, որ ծվարել է կուսական անտառների գրկում՝ դառնալով սիրելի վայր հանգստի համար՝ աղմուկից հեռու, բնության անդորրում։ Տեղանքի ոգուն ավելի հաղորդակից լինելու համար դուք և ձեր ուղեկիցները կարող եք խաղալ ավանդական բակային կամ Հ․ Թումանյանի կողմից ստեղծած սեղանի խաղեր լիճը եզերող դաշտերում կամ ՏՈՒԿ-ի ճամբարում։ Օրվա վերջում մնալով ՏՈՒԿ-ի ճամբարում՝ կարող եք լիցքաթափվել, վայելել երեկոն խարույկի շուրջ և ձեր հիշարժան օրն ավարտել գեղատեսիլ բնապատկերների տեսարաններով։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, և Լոռին դրա ամենանշանավոր սրահներից է։ ՏՈՒԿ-ի (Տուրիզմի Ուրույն Կենտրոն) առաքելությունն է միավորել Լոռու հարուստ ռեսուրսները՝ մշակութային կոթողները, բերրի բուսականությունը և, որ ամենագլխավորն է, մարդկանց՝ նպատակ ունենալով խթանել Լոռու զարգացումը՝ որպես համալիր զբոսաշրջային կենտրոն։ ՏՈՒԿ-ը այցելուներին առաջարկում է զբոսաշրջային ծառայությունների լայն ընտրանի, որոնց թվում՝ արվեստներ և մշակույթ, ժամանց և արկածներ, տեղական համեր և ավելին։ ՏՈՒԿ-ի անձնակազմը, որ գլխավորում է Արփինե Հակոբյանը, այս հրաշալի հնարավորությունները ներկայացնում են անսահման նվիրումով, գիտելիքներով և պատրաստակամությամբ։ ՏՈՒԿ-ը զբոսարջության միջոցով նպաստում է համայնքի զարգացմանը՝ հիմնվելով համագործակցության, հարգանքի և անմիջական հաղորդակցության սկզբունքների վրա։ Ինչպես Արփինեն է ասում՝ «Մենք ներգրավում ենք համայնքը․ մենք գնում ենք սնունդ տեղացիներից, ամեն անհրաժեշտ բան ձեռք ենք բերում գյուղից․ սա մեր սկզբունքային մոտեցումն է»։ Սա տեղացիներին, բնությունն ու պատմությունը ներկայացնելու ՏՈՒԿ-ի կայուն փիլիսոփայությունն է։