Տուրիզմի Ուրույն Կենտրոնը կամ ՏՈՒԿ-ը Լոռիում այցելուներին առաջարկում է համայնքահեն զբոսաշրջության զարգացման նոր մոդել, որի առաջարկները կատարելապես կգոհացնեն նրանց, ովքեր ձգտում են ուսումնասիրել տեղական կենսակերպը և գեղատեսիլ բնությունը։ Եթե ուզում եք բացահայտել պատմությունը, խորանալ մշակույթի անհուններում և հասկանալ՝ ինչն է բնորոշում իսկական լոռեցուն, եկեք ՏՈՒԿ, ուր կարող եք հեծանիվով շրջել դաշտերում, ինչպես նաև խաղալ ավանդական ժողովրդական կամ սեղանի խաղեր ՏՈՒԿ-ի տարածքում։
ՏՈՒԿ-ը գտնվում է Դսեղում՝ հայտնի ոչ միայն իր փառահեղ բնապատկերներով, այլև որպես հայ մեծանուն բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդավայր։ Ամպահերձ լեռների և ստվերախիտ անտառների բնապատկերները ստեղծում են լույս ու ստվերի հրաշալի համադրություն հիշարժան լուսանկարների համար։ Զարմանալի չէ, որ լուսանկարիչները, արշավորդները և բնության սիրահարները ինքնամոռաց տարվում են տարածաշրջանային այս գրավչությամբ։
ՏՈՒԿ-ի ձեր հյուրընկալները առաջարկում են յուրօրինակ և աշխուժացնող հեծանվային փորձառություն՝ գեղեցիկ միջավայրն ու արկածային ոգին միաձուլելու համար: Սկսելով ՏՈՒԿ-ի ճամբարից՝ դուք 7 կմ շրջապտույտ կկատարեք Դսեղի սարահարթում՝ անցնելով ծաղկաշատ դաշտերի միջով և անհատակ ձորերի կողքով։ Ճանապարհին կհիանաք նախշազարդ խաչքարով՝ հայտնի որպես Սիրուն խաչ, և դիմացի լանջին տարածվող գյուղերի գեղատեսիլ համայնապատկերով։ Վերադարձին Դսեղում հնարավորություն կունենաք հանդիպել տեղացիների հետ և ծանոթանալ նրանց ամենաբնորոշ առանձնահատկություններին։
Հեծանվային շրջայցից հետո միացեք ՏՈՒԿ-ի թիմին՝ խաղալու ազգային ավանդական բացօթյա կամ Հ․ Թումանյանի կողմից հորինած սեղանի խաղեր, որոնք ոչ միայն սովորեցնում են թիմային աշխատանք, պլանավորում, տրամաբանություն, այլև ապահովում են զվարթ ու բարձր տրամադրություն։ Այս ընթացքում մի լավ սովածանալով՝ կարող եք ճաշել ՏՈՒԿ-ում կամ գյուղի հյուրատներից մեկում։ Եթե գիշերեք ճամբարում, հնարավորություն կունենաք խարույկի վրա կարտոֆիլ և մարշմելոու խորովելու՝ վերհիշելով օրվա հաճելի տպավորությունները։ Այնուհետև, գիշերելով վրանում, դուք կդիմավորեք լուսաբացը՝ վայելելով վաղորդյան թարմ օդն ու հիանալով Լոռվա չքնաղ բնապատկերներով։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, և Լոռին դրա ամենանշանավոր սրահներից է։ ՏՈՒԿ-ի (Տուրիզմի Ուրույն Կենտրոն) առաքելությունն է միավորել Լոռու հարուստ ռեսուրսները՝ մշակութային կոթողները, բերրի բուսականությունը և, որ ամենագլխավորն է, մարդկանց՝ նպատակ ունենալով խթանել Լոռու զարգացումը՝ որպես համալիր զբոսաշրջային կենտրոն։ ՏՈՒԿ-ը այցելուներին առաջարկում է զբոսաշրջային ծառայությունների լայն ընտրանի, որոնց թվում՝ արվեստներ և մշակույթ, ժամանց և արկածներ, տեղական համեր և ավելին։ ՏՈՒԿ-ի անձնակազմը, որ գլխավորում է Արփինե Հակոբյանը, այս հրաշալի հնարավորությունները ներկայացնում են անսահման նվիրումով, գիտելիքներով և պատրաստակամությամբ։ ՏՈՒԿ-ը զբոսարջության միջոցով նպաստում է համայնքի զարգացմանը՝ հիմնվելով համագործակցության, հարգանքի և անմիջական հաղորդակցության սկզբունքների վրա։ Ինչպես Արփինեն է ասում՝ «Մենք ներգրավում ենք համայնքը․ մենք գնում ենք սնունդ տեղացիներից, ամեն անհրաժեշտ բան ձեռք ենք բերում գյուղից․ սա մեր սկզբունքային մոտեցումն է»։ Սա տեղացիներին, բնությունն ու պատմությունը ներկայացնելու ՏՈՒԿ-ի կայուն փիլիսոփայությունն է։