Ձեր քիմքը շոյող ճանապարհորդությունները տեղական մշակույթին հաղորդակից դառնալու լավագույն և ամենահաճելի եղանակն են։ Գյումրիում դուք կգտնեք ավանդական բաղադրատոմսեր, որ հայերը փոխանցել են սերունդներով, և որոնց արմատները ձգվում են մինչև անհիշելի ժամանակներ։ «Շալե Գյումրի»-ից Կարինե Թումասյանը մեծ ներդրում ունի ժառանգական այս շղթայում, քանի որ ոչ միայն պատրաստում է Գյումրվա ավանդական ուտեստներ, այլև այցելուների հետ կիսվում է իր խոհարարական գաղտնիքներով։
Այցելեք Կարինեին և միասին սովորեք չանախի պատրաստման իր ընտանեկան բաղադրատոմսը․ հագեցնող ուտեստ, որ սովորաբար պատրաստվում է տավարի, երբեմն նաև՝ գառան մսով։ Քայլ առ քայլ հետևելով Կարինեին՝ դուք կսկսեք միսը տեղավորել կավե կճուճում, կավելացնեք տեղական բանջարեղեններ՝ սոխ, սմբուկ, լոլիկ, կանաչ լոբի, պղպեղ և կանաչիներ։ Այնուհետև Կարինեն կօգնի համեմել ձեր չանախը մի փունջ անուշահոտ համեմունքներով՝ հնարավորություն տալով միաժամանակ հիմնվել ընտանեկան բաղադրատոմսի վրա և ձևավորել սեփականը։ Վերջապես, երբ բոլոր բաղադրիչները դարսված են, ձեր կավե կճուճը կտեղափոխեք ջեռոց, ուր այն եփվելով կդառնա անուշահամ չանախ։
Մինչ ուտեստը կեփվի, որպես աղանդեր կարող եք պատրաստել փոխինձ։ Կարինեն ցույց կտա, թե ինչպես են բոված ցորենից երկանքով ստացել ալյուր։ Երբ այն պատրաստ լինի, կարող եք խառնել մեղրի, կաթի հետ և ըստ ճաշակի ավելացնել չրեր, ընդեղեն և այլն։ Այնուհետև, այդ համեղ խառնուրդից սարքեք փոքրիկ, քաղցրահամ փոխինձի գնդիկներ։
Շալեն ունի Գյումրու կենցաղն ու պատմությունը ներկայացնող իրերի հարուստ հավաքածու, որոնցից շատերը գտնվել են ժամանակավոր կացարաններից, որ կառուցվել էին 1988թ․ երկրաշարժից հետո։ Երեխաներին հատկապես հետաքրքիր կլինի այցելել կենտրոնի հարևանությամբ գտնվող կենդանիների փոքր ֆերման։ Այստեղ կհանդիպեք հայկական Վանա կատուների և գամփռ շների, կլսեք Կարինեի պատմությունը այն մասին, թե ինչպես ընտանիքով հիմնեցին ֆերման, որը մշտապես թարմ մթերք է ապահովում կենտրոնի ռեստորանի համար։
Երբ արդեն բավական քաղցած լինեք, հյուրատան գողտրիկ ռեստորանում վայելեք ձեր համեղ չանախն ու փոխինձը հյուրընկալների հետ։ Անտարբեր չանցնեք նաև հուշանվերների փոքր տաղավարի կողքով, ուր վաճառվում են տեղացի ձեռագործ վարպետների աշխատանքները։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Ծանոթացե՛ք Կարինեի և իր ընտանիքի հետ, ովքեր հիմնադրել են Շալեն՝ մի սքանչելի հյուրատուն, որ կառուցվել է ավանադական ճարտարապետական ոճով, բայց՝ ժամանակակից լուծումներով։ Նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ՝ նրանք նախկին անբարեկարգ տարածքը վերափոխեցին հյուրընկալ կենտրոնի, որ այժմ ընդունում է այցելուներ ամբողջ աշխարհից։ Ողջ Հայաստանով հայտնի՝ գյումրեցիներին բնորոշ հյուրընկալությունը բնորոշ է նաև Շալեին, ուր, սկսած 2013 թվականից, Կարինեն հյուրերի համար պատրաստում է առանձնահատուկ ուտեստներ։ Շնորհիվ իր խոհարարական հմտությունների՝ Կարինեն պատրաստում է ավանդական ուտեստներ, ինչպես նաև ներկայացնում է հին դասական ուտեստների նորովի վերափոխումները։ Դուք Շալեից կհեռանաք կուշտ փորով, և Գյումրու ավանդական ուտեստների համը դեռ երկար կմնա ձեր բերանում։