COVID-19 Travel Update: Learn More
Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոնի միջոցառումներից մեկը (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Հայաստանը խաղաղության խաչմերուկում փառատոնի միջոցառումներից մեկը (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Արագածոտն

Մարզի անվանումը հուշում է Արագած լեռան շուրջ բոլորը դրա սփռված լինելու մասին: Մի կողմից Արագած և Արայի լեռները, մյուս կողմից Քասախ գետի կիրճը խիստ գրավիչ տեսարաններ են ստեղծում: Քասախի խորխորատ ու գեղատեսիլ կիրճի երկայնքով Հովհանավանքի, Սաղմոսավանքի և Մուղնու միջնադարյան վանական համալիրներ են: Մարզի այցեքարտերից է Ամբերդի 10-րդ դարի հզոր ամրոցը, Արագածի լանջերի ժայռապատկերները, Վիշապ քարե կոթողները, Ագարակի բրոնզեդարյան բնակավայրը:

 18-19-րդ դարերի քաղաքային կոլորիտը պահպանած, եկեղեցիներով ու ժողովրդական ճարտարապետության նմուշներով հարուստ Աշտարակ քաղաքում և շրջակա գյուղերում կարելի է այցելել հարյուրամյա մառաններում գործող հացատներ և հյուրասիրվել թոնրի թարմ լավաշով ու տեղական ուտեստով՝ տոլմա, թոնրի խորոված, հաճարով փլավ, հարիսա, քրջիկ, թթվով կլուլիկ, ցուրտ ամիսներին նաև խաշ, համտեսել սպիտակ ու կարմիր տնական գինիներ, մրգային օղիներ, խմել շրջակա սարերի թեյախոտերից թրմված թեյեր, ճաշակել մրգահյութերից ու ընկուզեղենից պատրաստված քարցրավենիքներ, Աշտարակի սուջուխ, ալանի, մրգային լավաշներ, բազմատեսակ չրեր:   

Աշտարակի մոտակայքում «Այրուձի» ձիավարական ակումբն է, որտեղ կարելի է դիտել նաև հայկական ավանդական «ստվերների թատրոնի» ներկայացումներ:   

Արագածոտնը առանձնահատուկ է իր ազգագրական պատկերով: Թալինի գյուղերում պահպանվել են սասունցիների ժողովրդական երգն ու պարը: Աշտարակի տարածաշրջանում շատ են հմուտ դարբիններ, խեցեգործներ, արծաթագործներ, հյուսներ, փայտի գերավեստական փորագրիչներ և այլ վարպետներ:  Մարզում բնակվում են նաև ավանդական ինքնատիպ մշակույթով ու պատմությամբ հայտնի եզդիական համայնքներ:

Այստեղ է նաև համաշխարհային նշանակության կարևոր գիտական կենտրոններից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը:

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։