Եղեգնաձոր քաղաքում տեղակայված սովետական ժամանակաշրջանի երկհարկանի ռազմական ծրագրի գրասենյակի վերանորոգման հեղինակը մի աղջիկ է, ով չէր վախենում երազել: Հավատարիմ մնալով դիզայն ստուդիա հիմնելու իր նպատակին՝ Արմինե Աղաջանյանը այդ գրասենյակը վերածեց իր կենսախինդ ոճն արտացոլող գեղեցիկ արհեստանոցի: Որպես արհեստանոց և խանութ՝ Արմինեի «Մոշ»ստուդիայում միավորվում են նորաձևությունն ու ավանդույթը, ինչպես նաև հին զարդանախշային արվեստն ու սեփական գեղարվեստական տեսլականը:
Արմինեն ոգեշնչվում է միջնադարյան Հայաստանի ականավոր մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկի գործերով: Իր աշխատանքների հիմնական առանձնահատկությունը արևի աստվածներին խորհրդանշող ծաղիկի նախշերն են, որոնք կարելի է տեսնել նաև խաչքարերի վրա: Արմինեն նոր կյանք է հաղորդում հայկական գեղարվեստական զարդանախշերին, ինչպես նաև պատրաստում գեղեցիկ հագուստ կանանց համար իր հայրենի քաղաքում: Արմինեի կատարած հանրային աշխատանքը ոգեշնչման աղբյուր է դարձել տեղաբնակ կանանց համար, քանի որ հնարավորություն է տվել վերջիններիս զարգացնել իրենց կարելու հմտությունները: Կանանց բաժանելով փոքր խմբերի՝ Արմինեն խթանում է նաև համագործակցության ոգին:
Վարպետաց դասերի ժամանակ այցելուները կարող են պատրաստել Արմինեի՝ «երազանքներ իրականացնող տիկնիկները»: Այցելուները կարող են պատրաստել յուրահատուկ տիկնիկներ՝ օգտագործելով Արմինեի հավաքած գործվածքներն ու կարկատանները: Այս տիկնիկներն արտահայտում են ոչ միայն իրենց անհատականությունները, այլև հայկական մշակութային ինքնությունը: Հնադարյան ժամանակաշրջանում հայերի համար շատ կարևոր է եղել սնունդը, անվտանգությունը, պտղաբերությունն ու առողջության ապաքինումը, որի համար օգտագործում էին առասպելական հերոսների գերբնական ուժը մարմնավորող մարդակերպ տիկնիկներ: Այսպիսով, Արմինեի վարպետաց դասերը հնարավորություն են տալիս մասնակիցներին մանրամասն ծանոթանալ տիկնիկների հետ կապված սերնդե սերունդ փոխանցված ժողովրդական հավատալիքներին և ավանդույթներին։