Սոնա հյուրատունը գտնվում է Դսեղի գողտրիկ բնության գրկում՝ հայտնի որպես հայ մեծանուն բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդավայր։ Տարիներ շարունակ զբոսաշրջիկներին գերել են տարածքի կուսական բնությունն ու ծաղկաշատ բլուրների բուրավեր լանդշաֆտները, որի գրեթե ամեն անկյունում տեղակայված է մի պատմամշակութային կոթող։
Ձեր հյուրընկալները՝ Աշոտ և Անահիտ Բեժանյանները, հրավիրում են ձեզ զարմանահրաշ քայլարշավի և հնարավորություն տալիս ծանոթանալ անտառից սունկ, հատապտուղներ և բույսեր հավաքելու հիասքանչ ավանդույթին։ Ձեր ուղեկցորդները կընտրեն երթուղին՝ առաջնորդվելով այդ սեզոնին հատուկ անտառային բերրի առատաձեռնությամբ՝ մշտապես ապահովելով բարիքների հարուստ ընտրության։
Հետխորհրդային շրջանում, աճող գործազրկության պատճառով, հավաքչությունը դարձավ եկամտի աղբյուր Հայաստանի բազմաթիվ գյուղական շրջանների համար։ Դսեղում, կախված սեզոնից, կարող եք հավաքել մրգերի, հատապտուղների, խոտաբույսերի և սնկերի բազում տեսակներ։ Հայաստանի հյուսիսի մաքուր օդն ու երկարատև արևաշատ օրերը՝ համային նուրբ երանգներ են հաղորդում շրջանի բուսականությանը։ Լոռվա խաղաղ անտառներում և դաշտերում շրջելով՝ կփնտրեք և կհավաքեք մթերքները Աշոտի ուղեկցությամբ, ով անգիր գիտի տեղանքի ամեն ծակուծուկը։
Անտառում բազում արահետներ կան․ բացի հավաքչությունից կարող եք նաև այցելել տեղացիների և այցելուների սիրելի Դսեղի Ծովեր, որը փոքր լճակ է սարերի բնության գրկում։ Մեկ այլ ուղղությամբ կարող եք այցելել Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր վանք, որի հիմնադրումը ձգվում է մինչև միջնադարյան Բագրատունիների արքայատոհմ։ Պատմության սիրահարները բացահայտելու շատ բաներ կգտնեն մշակութային և կրոնական այս սքանչելի կենտրոնում, ուր ամփոփված են Գրիգոր Լուսավորչի մասունքները։
Արշավից և հավաքչությունից հետո միացեք Անահիտի խոհարարական վարպետաց դասին ու ձեր հավաքած մթերքներից պատրաստեք մուրաբա, ջեմ, հյութեր կամ ուտեստներ՝ հրաշալիորեն համեմված նրբագույն համերով։ Հավաքած պտուղների և բույսերի պատրաստման և պահածոյացման՝ սերնդեսերունդ անցած ավանդույթները Անահիտը կփոխանցի ձեզ, և հնարավորություն կունենաք ձեր պատրաստածը ձեզ հետ վերցնելու։ Անահիտի իմաստուն խորհուրդները ձեզ կօգնեն նոր հմտությունները կիրառել նաև սեփական պարտեզում և խոհանոցում։
Բնական և մարդակերտ հրաշալիքներից մինչև քայլարշավ, հավաքչություն և խոհարարություն․ այս այցելությունը կստեղծի բազում տպավորիչ հիշողություններ։ Քաղաքի աղմկոտ փողոցներից մեկ օրով պատսպարվեք Դսեղում և ամփոփեք ձեր երեկոն անուշահոտ բուսական թեյով՝ վայելելով այն թարմ պատրաստված հատապտղային մուրաբայի հետ։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
Սոնա հյուրատունը հետևում է Դսեղի ավանդական հյուրընկալության կանոններին և հավատարիմ է մնում ազգային հատևյալ համոզմունքին․ “Հյուրը Աստծո պարգևն է”։
Հյուրատունը անվանվել է Աշոտի և Անահիտի թոռնուհու՝ Սոնայի պատվին՝ ընդգծելով սերունդների միջև ամուր կապերի կարևորությունը Հայաստանում։
Անահիտը և Աշոտը, ովքեր մշտապես ապրել են Դսեղում, կօգնեն ձեզ բացահայտել գյուղական կյանքի տարբեր առանձնահատկությունները, վերափոխումները և դժվարությունները Հայաստանում։ Գյուղի և շրջակայքի մասին խորը գիտելիքների շնորհիվ՝ Անահիտը և նրա ընտանիքը կարող են կիսվել հետաքրքրաշարժ պատմություններով Դսեղի, նրա բնության և մարդկանց մասին: Փոխադարձաբար, տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից եկող այցելուները Անահիտին հնարավորություն են ընձեռում առանց տանից դուրս գալու ուսումնասիրել նոր մշակույթներ և երևակայորեն ճանապարհորդել աշխարհով մեկ։