Իրիսը Ալավերդիում նորովի է մատուցում հնամենի խոհարարական ավանդույթները՝ սկսած 2010 թվականից, երբ Իրինա Իսրայելյանը հիմնադրեց այս հյուրատունը։ Իրինան առաջարկում է բազմաթիվ խոհարարական վարպետաց դասեր՝ ջերմ միջավայրում Լոռվա խոհարարական հարուստ ավանդույթները բացահայտելու համար։ Այս փորձառության ընթացքում դուք կպատրաստեք ղափամա, որը հայկական տոնական սեղանների զարդն է, և որին ձոնված անգամ երգ կա։
Դուք կսկսեք դդումը լցոնել բրնձով, տարատեսակ տեղական չրերով և ընդեղենով։ Քաղցր համադրություններից հետո դուք կտեղավորեք դդումը վառարանում և կթողնեք այն եփվի՝ նախքան մեղրով, չամիչով և էլ ավելի շատ ընկույզով համեմելը։ Հետևեք, թե ինչպես է բացօթյա փռից տարածվում արդեն ոսկեգունած ղափամայի բույրը և օդը լցնում համեղ քաղցրությամբ։ Այս բուրումնավետ ուտեստը միաժամանակ հագեցնող է և առողջարար և կգոհացնի անգամ ամենաքմահաճ գուրմաններին։
Մեր օրերում շատերը ղափամա պատրաստում են ժամանակակից վառարաններում, չնայած շատ ավանդական խոհարարներ նախըտրում են թոնրի ղափաման։ Մեկ այլ ավանդույթի համաձայն, որին հետևում է Իրիս հյուրատունը, օգտագործում են բացօթյա փուռ՝ աղյուսե պատերով, որոնք պահպանում են տաքությունը երկար, և դդումը եփվում է դանդաղ ու հավասարաչափ։
Վերջին տարիներին, առողջ ապրելակերպի և բուսական ուտեստների նկատմամբ հետաքրքրության աճով պայմանավորված, դդմով ավանդական այս ուտեստը այժմ հանդիպում է շատ ռեստորանների ճաշացանկերում՝ որպես հիմնական կերակուր։ Եվ իհարկե, որտեղ ղափաման, այնտեղ էլ՝ «Հե՜յ, ջա՜ն, ղափամա՛»-ն, որի գեղեցիկ հնչյունների ներքո կվայելեք ձեր ճաշը։
Ձեր սեղանը գեղեցկացրեք այս տոնական ուտեստով, երբ այցելեք Լոռի, ուր կզմայլվեք անսահման գեղեցիկ բնապատկերներով և քիմքը շոյող համեղ կերակուրներով։
Ծանոթացեք ձեր հյուրընկալին
Խորհրդային շրջանում Իրինան դասավանդում էր Ալավերդու երաժշտական դպրոցում, սակայն, ինչպես բազում մասնագետներ, նա նույնպես ստիպված էր փոխել զբաղմունքը՝ 90-ականների տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Այնուամենայնիվ, նա սիրով հանձն առավ մի շարք նախաձեռնութուններ, որոնցից էր Ալավերդիում հյուրատան հիմնումը։ Իրինան հավատում է թիմային աշխատանքի ուժին և մեծապես նպաստել է շրջանում հյուրընկալության ոլորտում կապերի ստեղծմանը և ամրապնդմանը։ Իրինայի հիմնական մոտեցումը ուտեստի միջոցով տեղական ջերմ հյուրընկալության մշակույթը հյուրերին ներկայացնելն է։