Սիսիանից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում՝ Ուղտասար լեռան գագաթին, ժայռապատկերներով լի մի մեծ դաշտավայր կա, որը ներկայացնում է մարդկանց, բուսական և կենդանական աշխարհների, շրջանակների, պարույրների, կետերի և գծերի պատկերներ: Ուղտասարի վրա գտնվող սառցադաշտային մեծ լիճը շրջապատող սև և մոխրագույն հրաբխային քարերի վրա փորագրված այս պատկերները ոգեշնչման հիմնական աղբյուր են հանդիսանում Վահագն Համբարձումյանի և Զառա Գասպարյանի համար, ովքեր 2004թ․-ին հիմնել են Սիսիանի Կերամիքսը:
Զառայի բատիկ նկարչության դասի ընթացքում նա ձեզ կներկայացնի այս ժայռապատկերների հարուստ հավաքածուն: Ընտրեք ձեզ համար ամենասիրելին և ձևավորեք սեփական բատիկ շարֆը: Զառան ձեզ կսովորեցնի անհրաժեշտ հմտություններ՝ գեղարվեստական և գեղեցիկ աքսեսուարներ ձեռքով պատրաստելու համար: Վահագնը և Զառան ձեզ կպատմեն նաև իրենց անձնական ճանապարհորդությունների մասին՝ որպես արվեստագետներ, ինչու են նրանք հիմնել Սիսիան Կերամիքսը և ինչպես են նրանք կիսում հայկական արհեստագործական ավանդույթների վերաբերյալ իրենց մեծ գիտելիքները բազմաթիվ այցելուների հետ։
Եթե բատիկին նախընտրում եք կավը, ապա նկարչության դասը կարող է անցկացվել կավե ափսեների կամ մագնիսների վրա։ Լավ եղանակի դեպքում, դասը կանցկացվի դրսում՝ նայելով քաղաքի և լեռների համայնապատկերին։
Վերջում պատշգամբում կարող եք վայելել զովացուցիչներ, և ձեր ստեղծագործությունները՝ որպես հուշանվերներ, ձեր հետ տանել տուն: Բացի այդ, ստուդիայում արհեստի շատ գործեր հասանելի են գնումների համար: Վահագնը և Զառան առաջարկում են նաև այլ վարպետաց դասեր: Կերամիկայի սիրահարները կարող են կավե բաժակներ պատրաստել խեցեգործական անիվի վրա։