Խեցեգործությունը Հայաստանի հնագույն արհեստներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ստեղծված սննդի և խմիչքի կճուճներով:
Ոգեշնչված մերձակա լեռներով և հատկապես Ուղտասարի հնագույն ժայռապատկերներով՝ նկարիչ և խեցեգործ Վահագն Համբարձումյանն ու նրա արվեստագետ կինը՝ Զարա Գասպարյանը, 2004-ին հիմնադրեցին Սիսիան Կերամիքսը: Նրանք միասին ուսումնասիրում են հայ խեցեգործության արմատները, հնագույն տեխնոլոգիաները և դեկորատիվ արվեստի ձևերը՝ միևնույն ժամանակ ուրիշներին փոխանցելով խեցեգործության իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Այցելուները կարող են կավով աշխատել բրուտի անիվի վրա կամ բատիկի շարֆեր պատրաստել Վահագնի և Զարայի մասնագիտական ուղղորդությամբ: Վերջում այցելուները պատշգամբում կարող են վայելել զովացուցիչ ըմպելիքներ և իրենց հետ որպես հուշանվեր տուն տանել իրենց ստեղծագործությունները: Բացի այդ, արհեստանոցից կարելի է գնել բազմաթիվ գործեր: