Արփա բնապահպանական հիմնադրամի թիմի հետ ժամանակակից UAZ ամենագնացով ճամփորդելը հիասքանչ միջոց է Վայոց ձորի դժվարամատչելի վայրերը ուսումնասիրելու և վայրի բնության և պատմական կառույցների զարմանահրաշ տեսարանները տեսնելու համար: Բնության սիրահարների համար շրջագայության գլխավոր մասն Արփա պահպանվող լանդշաֆտն է, որտեղ պրոֆեսիոնալ գիդերը և տարածքի խնամակալները կկիսեն ձեզ հետ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի, երկրաբանության և վայրի բնության պահպանության վերաբերյալ իրենց խորը գիտելիքները: Պահպանվող տարածքի մեջ ընդգրկված են 885 զարմանահրաշ բուսատեսակներ, որոնցից 47-ը գրանցված են Հայկական Կարմիր գրքում՝ որպես վտանգված տեսակներ, ինչպես նաև 39 կաթնասուն և 190 թռչուն, որոնցից շատերը վտանգված են երկրում կամ աշխարհում:
Պատմության սիրահարների համար շրջագայության գլխավոր ակնարկները մի շարք ուշագրավ կառույցներ են՝ 5-րդ դարի Սմբատաբերդ ամրոցը, 13-րդ դարի Նորավանքը և 14-րդ դարի Սպիտակավոր եկեղեցին:
Տուրերի տևողությունը և ճշգրիտ լոգիստիկան՝ ներառյալ ելակետերն ու վերջնակետերը, ճկուն են՝ կախված այցելուների հետաքրքրությունից և ժամանակացույցից: Եղեգնաձորի այցելուների կենտրոնը տրամադրում է ամբողջական մանրամասներ տարբեր առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ հուշանվերներ ընտրելու հնարավորություն:
Այս շրջագայության միջոցով ուսումնասիրելով Վայոց ձորի պատմությունը և բնական միջավայրը՝ սովորելու և վայելելու շատ բան կգտնեք։
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
«Արփա» բնապահպանական հիմնադրամի (2014 թ. հիմնադրված) առաքելությունն է կառավարել և պահպանել Վայոց ձորի մարզի 6000 հեկտար պահպանվող հողատարածքները: Արփայի պահպանվող լանդշաֆտը Հայաստանում առաջին համայնքի կողմից ղեկավարվող պահպանվող տարածքն է: Հիմնադրամը մշակել է մի շարք արահետներ՝ արշավային, հեծանվային և ձիարշավային տուրերի համար, ինչպես նաև առաջարկում է սաֆարի ոճի ջիպային տուրեր պաշտպանված բարձրադիր գոտիներում: Բացի այդ, Հիմնադրամը կարող է առաջարկել ճամբարային փորձառություններ պահպանվող տարածքում կամ կազմակերպել գիշերակացեր տարածաշրջանում գտնվող հյուրատներում: 2017 -ին Հիմնադրամը Եղեգնաձորում բացեց այցելուների զբոսաշրջային կենտրոն, որտեղ ճանապարհորդները կարող են տեղեկատվություն գտնել պահպանվող տարածքների մասին, կազմակերպել էքսկուրսիաներ կամ գիշերակաց, վարձել հեծանիվներ և ճամբարային սարքավորումներ, ինչպես նաև օգտվել արհեստագրոծական փոքրիկ խանութից: