Սյունիքի բնակիչները ոչխարներ են պահում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Այդ ոչխարները հումք են ապահովում «Բրդից կարպետ» սոցիալական ձեռնարկության համար, որը բուրդը վերածում է բնական կարպետների, տնային ապրանքների և անձնական պարագաների: Ապրանքներում օգտագործվում են ոչ միայն ոչխարի բրդի բոլոր բնական երանգները, այլև (և, որ ավելի կարևոր է) տեղացի կանանց ստեղծարարությունը և դիզայներական հմտությունները:
Սյունեցի ավելի քան տասնհինգ կանայք աշխատում են չորս հիմնական ուղղություններով` բրդի վերամշակում, թելերի արտադրություն, կարպետագործություն և հուշանվերների վաճառք: Նրանց արհեստանոցը խորհրդային ժամանակաշրջանում եղել է կոշիկի գործարան: Աշխատանքում կիրառվող բրդյա թելը 100 տոկոսով բնական հումք է, որը էկոլոգիապես մաքուր է, առանց քիմիական որևէ հավելումների: «Բրդից կարպետ» ստուդիան նաև վաճառում է իր բնական մանվածքները, այնպես որ կարող եք ձեռք բերել դրանք՝ ձեր սեփական ծրագրերի համար:
Արհեստանոցի ներսում կարող եք մասնակցել «Բրդից կարպետ» ամբողջական փորձառությանը՝ ընտրելով երկու տարբերակներից մեկը՝ շրջայց արհեստանոցում՝ ճաշով, որը ներառում է տեղական ուտելիքներ և խմիչքներ, կամ միայն արհեստանոցի շրջայց։ Նախ, կտեսնեք, թե ինչպես են բուրդը մանում և պտտելով թել ստանում։ Այնուհետև կսովորեք մասնագետից, թե ինչպես կարելի է ավանդական եղանակով բուրդը մանելով թել ստանալ՝ իլիկի միջոցով, և ժամանակակից եղանակով՝ ոտքով աշխատող մանող անիվի վրա:
Բուրդը վերամշակելուց հետո դուք կսովորեք, թե ինչպես կարպետ և այլ ձեռքի աշխատանքներ գործել։ Կանայք ստեղծում են դիզայնի լայն տեսականի՝ սկսած պարզ զոլերից մինչև բարդ մոտիվներ: Դուք կծանոթանաք ոչ միայն կարպետագործության տեխնիկային, այլև կարպետների ձևավորման մեջ օգտագործված մշակութային մոտիվների հավաքածուին: Նախքան մեկնելը համտեսեք տեղական մթերքներից պատրաստված ուտեստները ստուդիայի պարտեզում:
Ծանոթացեք ձեր հյուրընկալի հետ
«Բրդից կարպետ» ծրագիրը Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամի սոցիալական նախաձեռնությունն է, որի նպատակն է Շինուհայր գյուղում տնտեսապես անապահով կանանց համար կայուն եկամտի հնարավորություններ ստեղծել: ԳԿԶՌԿ-ի արտադրանքները ներառում են տիկնիկներ, մագնիսներ, և բանալու կախազարդեր, որոնք պատրաստված են հելյունագործ կենդանիներից, մրգերից և բանջարեղեններից։ Բոլոր գնումները աջակցում են Գորիսի և հարակից գյուղերի տեղացի արհեստագործներին: