COVID-19 Travel Update: Learn More

Խաղողի վազից մինչև գինի. ծանոթացեք այգեգործության ավանդույթներին

Խաղողի վազից մինչև գինի. ծանոթացեք այգեգործության ավանդույթներին  նկար

Մասնակցեք Արենու հնագույն գինեգործական ավանդույթները ներկայացնող փորձառությանը (Լուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Վայոց ձորի Արենի-1 քարանձավի հնագիտական տվյալների համաձայն՝ Հայաստանում գինեգործությունը սկսվել է դեռևս մ.թ.ա. 4000 թվականից: Ողջ Կովկասում գինեգործությունն առավել զարգացած է Վայոց ձորում՝ մարզի բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ: Այցելելով Արենիում բնակվող Գրիգորյանների ընտանիքին և իրենց փոքրիկ այգում նրանց հետ մասնակցելով խաղողի մշակման որևէ փուլի՝ կարող եք ծանոթանալ այգեգործության և գինեգործության հնագույն ավանդույթներին։

Վայոց ձորում աճում են տեղական խաղողի տարբեր սորտեր, այդ թվում նաև՝ հայտնի Արենի խաղողը: Համանուն Արենի գյուղում տասնյակ տնտեսություններ, շարունակելով սերունդների ավանդույթները, զբաղվում են տնայնագործական գինու արտադրությամբ։ Նման ընտանիքներից է նաև Գրիգորյանների ընտանիքը, ովքեր պատրաստ են մեծ սիրով ձեզ հետ կիսվել Արենիում գինեգործության իրենց փորձով:

Բանասացության բնատուր տաղանդով օժտված Գևորգը նախ կներկայացնի իրենց խաղողի այգին և դրա մշակման առանձնահատկությունները։ Տարվա յուրաքանչյուր ժամանակաշրջանին հատուկ են որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ գարնանը հատում են խաղողի որթերը, ամռանը հավաքում են տերևները, իսկ աշնանը` քաղում, ճզմում կամ ոտքով տրորում խաղողը: Անկախ ձեր այցի ժամանակահատվածից՝ Գևորգը մանրամասն կներկայացնի խաղողի մշակման և գինեգործության բոլոր առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանում գինի խմելու մշակույթի հետաքրքիր նրբությունները, ինչպիսին է տարբեր առիթներին հասարակության մեջ ընդունված կենացների ավանդույթը։

Խաղողագործության և գինեգործության ավանդույթներին ծանոթանալուց հետո կարող եք ընտանեկան Ար Արենի ռեստորանում Սվետլանայի հետ մասնակցել առաջարկվող խոհարարական երկու վարպետաց դասերից որևէ մեկին, ապա՝ ճաշակել ձեր իսկ ձեռքով պատրաստված ուտեստը:

Տոլմայի պատրաստման վարպետաց դաս

Խաղողի տերևներն օգտագործվում են բազմաթիվ ազգային կերակուրներ պատրաստելիս և ավանդական տոլմայիանբաժան բաղադրիչներից են: Եթե ձեր այցը համընկնի թարմ տերևներ հավաքելու շրջանին, այգուց կարող եք հավաքել տերևները և դրանցով կփաթաթել տոլման։ Սվետլանան կկիսվի համեղ տոլմա պատրաստելու իր բոլոր գաղտնիքներով․ ինչպես փափկեցնել խաղողի տերևները, պատրաստել մսի խճողակը, խառնել բաղադրիչները և վարպետորեն փաթաթել այն խաղողի տերևով։

Ձկան պատրաստման վարպետաց դաս՝ տեղական բաղադրատոմսով

Արենի գյուղի միջով հոսող գետը հայտնի է շրջանի ամենահամեղ կողակով, որը տեղաբնակները հաճախ որսում և օգտագործում են խոհանոցում: Սվետլանան կներկայացնի ձկան պատրաստման տեղական եղանակն ու բաղադրատոմսը: Դուք կմասնակցեք պատրաստման բուն գործընթացին և կկարողանաք նոր հմտությունները հետագայում կիրառել սեփական խոհանոցում։ Կարտոֆիլը և լոլիկը եփում են նախապես լավ լվացված խաղողի շիվերի հետ, այնուհետև վրան դասավորում են ձուկը: Շիվերը ձկանը հաղորդում են նուրբ համ և հետաքրքիր բույր։

Մինչ կերակուրը պատրաստ կլինի՝ հյուրընկալները ձեզ կուղեկցեն մառան՝ գինի համտեսելու և ծանոթանալու հայկական գինեգործական մշակույթին և ավանդույթներին։

Ծանոթացեք ձեր հյուրընկալների հետ

Գևորգի և Սվետլանայի պատմությունը նման է խորհրդային շրջանում Արենիում բնակվող բազմաթիվ ընտանիքների պատմությանը: Նրանք զգալի ավանդ և դերակատարում ունեն Արենիի գինեգործական ավանդույթների պահպանման գործում: Ամուսինները շատ ջերմ են և հյուրընկալ, պատրաստ են մշտապես սովորել և կատարելագործվել, ունեն պրպտող միտք և միասին լավ կյանք կառուցելու շարունակական երազանքներ: Գևորգը կարող է ժամեր շարունակ խոսել մարզի և գյուղի պատմության, ինչպես նաև Արենիի և հայկական խաղողագործության ու գինեգործության մասին: Մյուս կողմից, Սվետլանան պատրաստ է կիսվել տեղական խոհանոցի համեղ գաղտնիքներով: Այս ամենը ձևավորում է զբոսաշրջային հիանալի և անմիջական փորձառություն: Գևորգի և Սվետլանայի պատմությունը ավանդականի և նորի ճիշտ համադրության, ինչպես նաև հյուրընկալների ու զբոսաշրջիկների միջև ձևավորվող բարեկամության մասին է: Զբոսաշրջիկներն այստեղից հեռանում են ոչ միայն ընկերներ, այլև՝ ընտանիքի նոր անդամներ դարձած:

Gevorg and Svetlana prepare some meat and potatoes for cooking in the tonir. Գևորգն ու Սվետլանան միսն ու կարտոֆիլը համեմում են՝ մինչև թոնրում եփելը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Sit down to a meal of local fish and vegetables. Պատրաստվեք ճաշակել տեղական ձկից ու բանջարեղենից պատրաստված ախորժալի ճաշատեսակը։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Ar Areni offers visitors the chance to participate in a variety of activities in the vineyard. Ար Արենին այցելուներին առաջարկում է մասնակցել տարատեսակ աշխատանքների խաղողի այգում։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Gevorg leads visitors in a wine tasting. Գևորգը ներկայացնում է գինիների պատմությունը ժամտեսի ժամանակ։

Photo by Areg Vardanyan, My Armenia ProgramԼուսանկարը` Արեգ Վարդանյանի, «Իմ Հայաստան» ծրագիր

Մոտակա փորձառություններ

Նմանատիպ փորձառություններ

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։