Ախթալան, լինելով Լոռվա անտառոտ ու գեղատեսիլ անկյուններից մեկում ծվարած մի փոքրիկ բնակավայր, հայտնի է շատ վաղուց. Այն հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, հաճախ նաև՝ Պղնձահանք անունով, ինչը հուշում է, որ այստեղ հանքարդյունաբերությունը տարածված է եղել դեռևս վաղուց: Չնայած սրան՝ Ախթալան առանձնանում է չքնաղ բնությամբ և դրա ամենագողտրիկ անկյուններում թաքնված պատմական հուշարձաններով, որոնք այս վայրը դարձնում են Հայաստանի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը:
Ախթալան բացառիկ ու աննախադեպ է զբոսաշրջության տեսանկյունից: Հիմնված լինելով 2016 թ-ին՝ Նուռիկ կենտրոնը կարևոր զբոսաշրջային ռեսուրս է, որն իրականացնում է մի շարք ծրագրեր տեղացիների՝ մասնավորապես հաշմանդամների ներգրավմամբ, ուսուցում ավանդական և դեկորատիվ կիրառական արհեստներ, հուշանվերների պատրաստում, տեղական ուտեստների ներկայացում, քայլարշավներ՝ բացահայտելու շրջակա բնությունն ու պատմական հուշարձանները:
Որպես մշակութային կենտրոն՝ Նուռիկը իր հյուրերին առաջարկում է մասնակցել ավանդական ուտեստների պատրաստմանը, համահեղինակել կարպետագործության նմուշներ՝ տեղացի վարպետների օգնությամբ, և վայելել կենտրոնից բացվող տեսարանը՝ դեպի 13-րդ դարի հրաշագեղ վանական համալիր՝ համտեսելով թարմ թխված գաթան և այլ յուրահատուկ հայկական ուտեստներ:
Շրջայց Ախթալայի վանական համալիրում: Նուռիկն այցելուներին առաջարկում է ծանոթանալ Ախթալայի վանական համալիրին, որը գտնվում է կենտրոնի հարևանությամբ և որի բարձր պարիսպները ուշադրություն են գրավում դեռ հեռվից: Կենտրոնից ձեզ կուղեկցեն բացահայտելու հայկական եկեղեցական ճարտարապետության ամենանշանավոր կառույցներից մեկը: Տեղացի հմուտ զբոսավարը ձեզ կներկայացնի զարմանահրաշ պատմություններ ամրոցի մասին: Վանքի հիմնադրումը կապվում է միջնադարյան Հայաստանի նշանավոր ազնվական ընտանիքների անվան հետ: Ամրոցի տարածքում Սբ․ Աստվածածին եկեղեցուց բացի ձեր ուշադրությունը կգրավեն երկհարկանի ընդարձակ շինության ավերակները, որը, տարածված ավանդազրույցների համաձայն, ծառայել է որպես արքունի դրամահատարան և այստեղից հաճախ են գտնվել ոսկյա և արծաթե դրամներ:
Մինչև համալիրի տարածքում շրջելը՝ ամրոցի դարպասների մոտ կարող եք ձեր բախտը փորձել՝ փոքրիկ քար նետելով պատի խորշի մեջ։ Ըստ տեղական հավատալիքների՝ եթե չվրիպեք, ապա ձեր երազանքն իրականություն կդառնա: Ամրոցի տարածքում նաև կտեսնեք նոր հուշարձան՝ ամուսնական մատանիների տեսքով. տեղական մեկ այլ ավանդույթի համաձայն էլ, եթե նորապսակներն անցնեն մատանիների միջով, ապա այն նրանց հաջողություն կբերի:
Չնայած որ Ախթալայի միջնադարյան ամրոցն ու վանքը ունեն շատ գրավիչ ու արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձաններ, սակայն այս կառույցի զարդն, անշուշտ, Սբ. Աստվածածնի որմնանկարներն են: Դրանք այնքան սքանչելի են, որ ավանդության համաձայն, վանք այցելող հավատացյալները ժամերգությունների ու ծիսական արարողությունների ժամանակ տարվել են գունագեղ որմնանկարներով և շեղվել աղոթքներից:
Այս վառ տպավորություններով հագեցած՝ դուք կարող եք վերադառնալ Նուռիկ կենտրոն՝ շարունակելով հաղորդակից դառնալ հայկական պատմությանն ու մշակույթին՝ ավանդական խոհանոցի, արհեստների և տեղացիների հետ շփման միջոցով: