COVID-19 Travel Update: Learn More
Լարախաղացը Լոռվա անտառածածկ լեռների ֆոնին (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Լարախաղացը Լոռվա անտառածածկ լեռների ֆոնին (Լուսանկարը՝ Հրանտ Սահակյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Լոռի

Լոռին Հայաստանի անտառներով հարուստ ամենագեղեցիկ շրջաններից է: Դեբետ գետի չքնաղ հովիտը, Գուգարքի և Ստեփանավանի անտառածածկ լեռները, խորխորատ ձորերն ու ժայռերը ճամփորդության սիրահարների համար անփոխարինել տարածքներ են: Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկը Հայաստանի եզակի հանգստավայրերից է: Դեբետի հովտում աճում է նուռ, ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, սալորների բազմազան տեսակներ, արքայանարինջ և նույնիսկ կիվի: Մարզում մեծ տարածում ունի հատապտուղների և վայրի բույսերի հավաքչությունը, որոնք զգալի տեղ են գրավում տեղական ուտեստում: Այստեղի սիրված ճաշատեսակներն են ղափաման, կորկոտը, խոզի խորովածը. մասրապուրը, հոնապուրը, չրով ճաշը, դդմով և լոբով պատրաստվող կերակրատեսակները, կոնչոլը: Մինչև օրս գյուղերում տարածված է քարե վառարաններում թխվող հացը, գաթան, նազուկը, բաղարջը, ագդակը, բիշին: Ավանդական արհեստներից պահպանվել են մանածագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտագործությունը, խաչքարագործությունն ու քարագործությունը:

Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Այստեղ կան հունաբնակ և ռուսաբնակ բնակավայրեր: Առանձնակի տեղ ունեն մոլոկանները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնտիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:

Պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողները կարող են այցելել Լոռու բերդ և տեսնել բրոնզ-երկաթեդարյան բնակատեղին ու միջնադարյան քաղաք-ամրոցը: Պատմաճարտարապետական  հուշարձաններից ուշագրավներ են վեցերորդ դարում կառուցված Օձունի վանքն ու կից  հուշակոթողը, Քոբայրի ու Ախթալայի որմնանկարազարդ վանքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի միջնադարյան վանական համալիրները:

Առանձնակի տեղ ունի գեղատեսիլ բնությամբ հայտնի Դսեղ գյուղը, որտեղ գտնվում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Լոռու մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920թթ. վերջերից սկսեց արդյունաբերականացվել և դառնալ մոդեռն քաղաք։ Քաղաքը զարգացել էր երկու ուղղությամբ՝ որպես հանգստի գոտի և արդյունաբերական կենտրոն։ Մինչ շրջակա բնական անտառներում հիմնվում էին հանգստավայրեր, քաղաքի մեջ զարգանում էին թեթև, ծանր և քիմիական արդյունաբերական ձեռնարկությունները։  Այսօր Վանաձորում առկա են լքված արդյունաբերական շինություններ կամ մետաղական թափոնների մնացորդներ, որոնք քաղաքի լանդշաֆտի անբաժան մասն են կազմում և ասես դարձել են քաղաքի այցեքարտը։

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։