COVID-19 Travel Update: Learn More
Գյումրին Շիրակ մարզի կենտրոնն է, որ հայտնի է իր մշակութային արհեստով և տաղանդավոր վարպետներով (լուսանկարը՝ Նունե Հայրապետյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Գյումրին Շիրակ մարզի կենտրոնն է, որ հայտնի է իր մշակութային արհեստով և տաղանդավոր վարպետներով (լուսանկարը՝ Նունե Հայրապետյանի, «Իմ Հայաստան» ծրագիր)

Շիրակ

Շիրակի մարզը բոլորին հայտնի է Գյումրի կոլորիտային քաղաքով, որը գրավիչ է իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ջերմ մարդկային մթնոլորտով ու հումորով, մինչև օրս պահպանված արհեստագործական ավանդույթներով: Այստեղ քաղաքային արհեստանոցներում գործում են սերնդեսերունդ՝ պապից հորը, հորից որդուն սկզբունքով արհեստը ժառանգած վարպետներ: Մեծ ճանաչում ունեն Գյումրու դարբնոցները, որտեղ կարելի է ականատես լինել կենցաղային իրերից մինչև կիրառական արվեստի նմուշների պատրաստման գործին: Հայտնի են նաև պղնձագործներն ու թիթեղագործները, ոսկերիչները, քարագործ վարպետները:

Գյումրին ճանաչված է նաև որպես արվեստի կենտրոն: Քաղաքում հատուկ տեղ ունի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, մի շարք նշանավոր գրողների, դերասանների ու արվեստի այլ գործիչների տուն-թանգարանները: Գյումրիից ոչ հեռու, Ջաջուռ գյուղում է շիրակցի հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը: Շիրակի կենցաղի ու ազգագրական նկարագրի ներկայացման առումով չափազանց հետաքրքիր է Ձիթողցոնց տուն-թանգարանը:

Գյումրիում և մարզի մնացած բնակավայրերում կարելի է ճաշակել տեղական յուրահատուկ ճաշատեսակները: Սիրված կերակուրներից են չանախը, թաթար բորակին, խմորով և լոբով պատրատվող պոչով ապուրը, տոլման, ձավարով տոլման, հարիսան, ղազան խորովածը, քյալան, խաշը, թավան։ Մեծ հռչակ են վայելում նաև Շիրակին բնորոշ պանրի տեսակներից չեչիլ ու թել պանիրները: Քաղցրավենիքներից հարգի են փախլավան, շաքարլոխումը, յաղլին, սինի գաթան, շերտավոր խմորով խմորեղենները՝ հատկապես կտոր-գաթան:  

Մարզում կան նաև հայտնի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից առավել արժեքավորներն են Մարմաշենի և Հառիճի վանական համալիրները, Երերույքի տաճարը։ Շիրակի մարզում են գտնվում նաև Արփի լիճ ազգային պարկը, ինչպես նաև Թռչկան ջրվեժը, որը  2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից դարձել է հատուկ պահպանվող գոտի։

Հետևեք նորություններին

Գրանցվեք այստեղ՝ տեղեկացված լինելու առաջիկա միջոցառումների և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող մեր գործունեության մասին։