Վայոց ձոր
Վայոց ձորը Հայաստանի հարավում է: Այն ունի հետաքրքիր և բազմազան կլիմայական գոտիականություն՝ հովտայինից մինչև բարձր լեռնայինը: Հովիտներում ու նախալեռներում զարգացած է այգեգործությունն ու խաղողագործությունը: Մարզի բնական զարդն է համարվում Արփա գետն իր հովտով: Այստեղ է գտնվում բնության եզակի տեսակներով առանձնացող «Արփա» պահպանվող լանդշաֆտը, որտեղ մինչ օրս դեռ աճում են ընտանի խաղողի նախահայրը համարվող վայրի խաղողի աբորիգենային տեսակները: Վայոց ձորի նախալեռնային տարածաշրջանում են արտադրվում տեղական յուրահատուկ խաղողի տեսակներից պատրաստվող Հայաստանի ամենահամեղ գինիները, որոնք կարելի է համտեսել տեղում: Մարզում է գտնվում հանքային ջրերի տաք աղբյուրներով հարուստ «Ջերմուկ» առողջարանը:
Գյուղերում հանդիպում են մինչև օրս գործող ավանդական արհեստագործներ՝ գորգագործներ, փայտի փորագրիչներ և հյուսներ, խաչքարագործ և քարագործ վարպետներ, զամբյուղագործներ, դերձակներ, տիկնիկագործներ: Գյուղական հացատներում և հյուրատներում մատուցվում են տեղական յուրահատուկ ուտեստներ՝ սարերից հավաքված ուտելի բույսերից պատրաստված համեղ աղցաններ և տապականեր, ավելուկով ապուր, կարշմ, թոնրի խորոված, յուրահատուկ համեմունքներով պատրաստված հորած պանիր, ղավուրմա, քյալագյոշ, վայրի բույսերից պատրաստված բազմազան թթուներ, կավե պուտուկում պատրատվող գետի ձուկը: Թունդ խմիչքների սիրահարները կարող են համտեսել տնական արտադրության մրգօղիներ, իսկ սեզոնին՝ նույնիսկ մասնակցել դրանց թորմանը:
Մարզը շատ հարուստ է մշակութային ժառանգությունը ներկայացնող հուշարձաններով: Այստեղ կարելի է այցելել մի քանի հազարամյա քարանձավային բնակատեղի և տեսնել աշխարհի հնագույն գինու արտադրամասը կամ մագլցել ժայռերի գլխին թառած միջնադարյան Սմբատաբերդ ամրոցը, այցելել կարմիր ժայռերով շրջապատված հսկայական կիրճում գտնվող, ճարտարապետական գլուխգործոց համարվող 10-13 դարերի կառույց Նորավանք վանական համալիր: